ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հայրենի՝ Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում պատրաստվում են դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզպետի, մարզի պատգամավորների, Գյումրու մի խումբ ՀՀԿ-ական պաշտոնյաների մասնակցությամբ ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվում էր գյուղի եկեղեցին: Ի տարբերություն շատ տեղանքների, որտեղ լրագրողները հարցեր են տալիս, սակայն մարդիկ չեն խոսում, խուսափում են պատասխանելուց, այստեղ գյուղացիները, տեսնելով միջոցառմանը մասնակցող լրագրողներին, գալիս, խնդրում էին, որ իրենց կարծիքը ֆիքսեն ու տեղ հասցնեն իշխանություններին:
Aravot.am-ի հետ զրույցում գյուղ բնակիչներից մեկը, որը թեեւ համաձայնեց նկարահանվել, սակայն չուզեց իր անուն -ազգանունը հայտնել, սահմանադրական փոփոխությունների մասին բորբոքված ասաց. «Էդի ի՞նչ է, էդ բան չէ, որ ձեռնարկին, պիտի սահմանափակվի… Իբր մի հալի ենք հասել, իբր ապրում ենք, հիմի նորից-թազատան տառապի՞նք՝ 20 տարի, 30 տարի, 100 տարի…Հասկանում ենք, որ Սահմանադրության փոփոխությունը հավերժություն է իրանց համար, բայց դե մեզի պետք չէ դա»: Դիտարկմանը՝ փաստորեն հանրաքվեին «Ոչ» եք ասելո՞ւ, մեր զրուցակիցն ավելի ոգեւորվեց. «Ոչ կըսեմ, հլը մի երկու, երեք «Ոչ» էլ կողքը կավելացնեմ: Գյուղում ապրում ենք ուրիշներին երանի տալով, գյուղում մնացել ենք էս ղոռադեքս (մեծերը), երիտասարդները Ռուսաստանում են, բայց ով գնում, դատարկ հետ է գալիս, 5-10 տարի առաջ մի քանի կոպեկ կբերեին, իսկ հիմա դեպորտ են խփում, մարդիկ չեն ապրում: Քանի գնացինք վատի գնացինք, դրա համար էլ բոլորս էլ հիասթափված ենք, ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ որոշում են հանել իրանցից, ինչքան կերան, հերիք է էլի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև