Լրահոս
Օրվա լրահոսը

Անթերիների միաբանությունը

Հոկտեմբեր 10,2015 20:51

Ամենակարեւոր բաներից մեկը, որը մեզ պակասում է, բարյացակամությունն է, բարի կամքն է։ Չնայած ընդունված է ասել, որ բարի մտադրություններով պատված է դեպի դժոխք տանող ճանապարհը, իրականում դա, կարծում եմ, այդպես չէ։ Այդ ճանապարհը պատված է նախանձով, բամբասանքով եւ ուրիշի հաշվին քո անձը կարեւորելու ունայն ձգտումով։ Խոստովանեք, երբ ձեր կողքին սկսում են բամբասել կամ չարախոսել, դուք կամա թե ակամա չե՞ք դառնում այդ խոսակցության մասնակիցը։ Գործում է շատ պարզ հոգեբանական մեխանիզմ. մենք` այստեղ հավաքվածներս, լավն ենք, անթերի ենք, եւ մեր այդ բարեմասնություններն առավել ցայտուն են դառնում ուրիշների աղաղակող թերությունների ֆոնի վրա։ Եվ հավաքվածների հոգին համակում է ընդհանրության, յուրահատուկ «եղբայրության»  ջերմ զգացողությունը։

Այդ առումով համացանցն իդեալական պայմաններ է ստեղծում «չարախոսների միաբանությունների» համար։ Օրինակ, մեկը որեւէ «թունոտ» ստատուս է գրում, տակը մի 40 մեկնաբանություն է ավելանում, որոնց հեղինակները իրենց թույնի չափաբաժինն են ավելացնում։ Համաձայնությունը կայացավ, միաբանությունը ստեղծվեց, պետք է փնտրել կամ գրել հաջորդ նման ստատուսը։

Վերջերս վերը նկարագրված հոգեբանական մեխանիզմի ցայտուն դրսեւորման օրինակի եմ հանդիպել։ Ֆեյսբուքահայերը հրճված էին հեռուստատեսային մեկնաբանի լեզվի սայթաքումից։ Որքան հասկանում եմ, նրանցից ոչ մեկը եթերում չի աշխատել, հատկապես՝ ուղիղ եթերում։ Հակառակ դեպքում այդքան չէին ոգեւորվի։

Ես, օրինակ, 1983 թվականին եթեր մտնելուց առ այսօր սխալվել եմ հարյուրավոր անգամներ եւ այդպիսի մի դեպքի մասին ուզում եմ պատմել։ Դա մոտ 30 տարի առաջ էր։ Ես տեսագրության ժամանակ պետք է ներկայացնեի Պոլիտեխնիկական ինստիտուտի կամերային համույթը, որը ղեկավարում էր Սերգեյ Աղաջանյանը (ի դեպ, հրաշալի կոլեկտիվ էր)։ Եվ ես ասում եմ՝ «Ելույթ կունենա պոլիտեխնիկ ինստիտուտի կամերային համույթը»։ «Պոլիտեխնիկական», – բարձրաձայն կապով ուղղում է ինձ հաղորդման խմբագիր Արմեն Հարությունյանը։ Ուղեղով ես, իհարկե, հասկանում եմ, որ ճիշտը «պոլիտեխնիկականն» է, բայց լեզուս ոչ մի կերպ չի ենթարկվում այդ «ճշտին» եւ անընդհատ ասում եմ «պոլիտեխնիկ»։ 7 «դուբլ» «պոլիտեխնիկից» հետո հաղորդման ռեժիսոր Յուրի Գզոյանը (Աստված հոգին լուսավորի) ասում է. «Լավ, թող լինի պոլիտեխնիկ»։

․Մի խոսքով, կարեւոր է, որ մենք մեզ չզգանք «անթերիների միաբանության» անդամ։ Այդ դեպքում «կոլեկտիվ» քննադատություններին, դատապարտումներին եւ չարախոսություններին չենք մասնակցի։

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031