Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինա Պողոսյան. Քննիչը մի ամբողջ արդարադատության մարմնի վիրավորեց՝ ասելով ձեւական գործարք

Հոկտեմբեր 09,2015 23:10

«Եթե Գայանե Թումասյանը ունենար տուժողի կարգավիճակ, այդ դեպքում բացարկը չէր անտեսվի»

Ավան եւ Նոր-Նորք համայնքների  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ՀՀ քաղ. ավիացիայի  վարչության նախկին  պետ Հովհաննես Երիցյանի գործողություններից տուժած եւ իր սեփականությունից զրկված Գայանե Թումասյանի բողոքը ընդդեմ Ավան եւ Նոր-Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ  Սպարտակ Պողոսյանի կայացրած  թիվ 17112714 քր. գործի  կարճման որոշման:

Դատական նիստի ընթացքում քննիչ Սպարտակ Պողոսյանը ներկայացրեց իր դիրքորոշումը: Նա նշեց, որ կատարվել է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, մասնավորապես՝ կատարվել է Ավան եւ Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. «Դատաքննությամբ հիմնավորվել է, որ Լուսաբեկ Սամվելյանի եւ Հովհաննես Երիցյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տունը Լուսաբեկ Սամվելյանը 156 միլիոն դրամով առքուվաճառքի պայմանագրով վաճառելու է Հովհաննես Երիցյանին»:

Նա հայտարարեց, որ նպատակային փոխառության պայմանագիրը կրել է ձեւական բնույթ, քանի որ այդ ժամանակահատվածում առանձնատունը եղել է գրավադրված, իսկ այն գրավից հանելու համար Լուսաբեկ Սամվելյանը չի ունեցել 34 միլիոն դրամը, իսկ Վահե Վարդանյանը, գումարը վճարելով, հանել է առանձնատունը գրավից: Դրանից հետո է միայն Վահե Վարդանյանը Լուսաբեկ Սամվելյանի տված լիազորագրով վաճառել առանձնատունը Հովհաննես Երիցյանին, իսկ փոխառության պայմանագիրը կնքել է որպես երաշխիք:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, Գայանե Թումասյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում նոտարի մոտ ստորագրված փաստաթուղթը կրել է ձեւական բնույթ արտահայտությունը. «Այսինքն՝ մենք կարող ենք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության նոտարները կրում են ձեւական բնույթի գործարքներ: Եթե մի գործարքը եղել է ձեւական բնույթի, այսինքն՝ ինչպե՞ս է Սպարտակ Պողոսյանը որոշել նպատակային փոխառությունն էր ձեւակա՞ն, թե՞ առքուվաճառքը, որն իրեն ձեռք է տալիս դա է որոշե՞լ: Եթե ընդհանրապես մենք կարող ենք պատկերացնել, որ նոտարական կնքված որեւէ գործարք ձեւական բնույթ է կրում, ես չեմ պատկերացնում, որ դատարանում կարելի է նման բան բարձրաձայնել: Այսինքն՝ նոտարն է իր տեղում չէ, ի՞նչ է նշանակում ձեւական բնույթ, եթե ձեւական է, ես անում եմ հետեւություն, որ առքուվաճառքն էլ ձեւական: Ո՞րն է փաստը, որ առքուվաճառքը իրական է, փոխառությունը՝ ձեւական է»:

Դատավոր Հարությունյանը այս հարցը անթույլատրելի համարեց: Մարինա Պողոսյանը չպնդեց իր հարցը:

Նա նշեց, որ եթե Գայանե Թումասյանը տուժողի կարգավիճակ ստանար, ապա հնարավորություն կունենար որոշ առերես հարցաքննությունների համար միջնորդություն ներկայացնել. «Մենք կոնկրետ դիտարկում ենք սա, որ կեղծ փաստաթղթի միջոցով, այսինքն՝ փաստաթղթային կեղծիքը նպատակ չէ, ընդամենը միջոց է՝ խարդախությամբ այլ անձի գույքին տիրանալու, իսկ քանի որ Գայանե Թումասյանը ընդհանրապես կարգավիճակ չի ունեցել, ու եթե բացարկ հայտներ, վստահ եղեք մենք այսօր այս դատարանում չէինք լինի. գործը օբյեկտիվ եւ բազմակողմանի կքննվեր: Որովհետեւ Սպարտակ Պողոսյանը, ես փորձում եմ կոռեկտ գտնվել, բայց ասում եմ այն, ինչ որ կա, չի կատարել քննություն, կատարել է փաստահավաք: Այսօր ինքը իր առարկությունների մեջ թվեց, թե ինչ փաստաթղթեր կան գործում, մենք բոլորս դա գիտենք, պետք չէ մեր ժամանակը խլել կրկնել: Բայց թե ինչո՞ւ են այդ փաստաթղթերը կազմվել, մենք այդ պատասխանը չստացանք»:

Մարինա Պողոսյանը հայտնեց, որ իրենք 2015 թվականի փետրվարին բացարկ են ներկայացրել, սակայն մինչեւ այսօր անպատասխան է մնացել. «Եթե Գայանե Թումասյանը ունենար տուժողի կարգավիճակ, այդ դեպքում բացարկը չէր անտեսվի»:

Ըստ նրա՝ տալով Գայանե Թումասյանին վկայի կարգավիճակ քննիչը միացել է Հովհաննես Երիցյանին եւ արդյունքում Թումասյանը փողոցում է հայտնվել. «Փողոցում է բառիս բուն իմաստով ապրում՝ առանց վաճառելու, առանց գումար ստանալու: Ի՞նչ քննության մասին է խոսքը, երբ քննությունը միայն մի բան է պարզել՝ ձեւական պայմանագիր նոտարական: Եթե մի բան ձեւական է ինչո՞ւ ենք պետտուրք վճարում պետությանը, երեւի թե իրեն է պետք տուժող ճանաչել»:

Դատավոր Հարությունյանը Մարինա Պողոսյանին նախազգուշացրեց, ի պատասխան Մարինա Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց իր միտքն արտահայտելուց հետո լքել դահլիճը. «Մենք բոլորս մեր տներում ենք քնում, Գայանե Թումասյանը փողոցում է հայտնվել այսպիսի քննիչների պատճառով»:

Դատավորը պատասխանեց, որ Գայանե Թումասյանի նկատմամբ սրտացավությունը իրավունք չի տալից վիրավորել դատավարության մյուս կողմին, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ ինքը չի վիրավորում, դատավոր Հարությունյանն էլ ասաց, որ դա ակնհայտ վիրավորանք է:

«Հարգելի՛ դատարան, եթե ես վիրավորել եմ ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ պարոն Սպարտակ Պողոսյանը մի ամբողջ արդարադատության մարմնի վիրավորեց՝ ասելով ձեւական գործարք: Ես կարող եմ արդարադատության նախարարություն հարցում կատարել, թե նոտարական գրասենյակը ձեւական գործարք չի կրում, դա էլ կոռեկտության մեջ չէ»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նա հավելեց. «Այստեղ սրտացավության խնդիրը չէ, եթե քննիչը, դատավորը, իրավապաշտպանը՝ մենք բոլորս ապրում ենք ապահով, երեք տարին ոչինչ է, երեք տարին 900 օրից ավել է, երբ մարդ բաց երկնքի տակ է անցկացնում: Երեւի թե Դուք դա պետք է հասկանաք, քննիչը գործը քննեց կգնա իր փափուկ անկողնում կքնի, այս տիկինը մնացել է փողոցում, այստեղ սրտացավություն չէ, մենք բոլորս մարդ ենք: Տեսնենք քննիչը կարո՞ղ է 900 օր դրսում ապրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031