Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ։
Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվական կողմից` Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար բնագավառներում:
Կողմերը գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արձանագրված ակտիվության կապակցությամբ։ Կարևորվեց փոխգործակցությունը բազմակողմ դիվանագիտության հարթակներում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին և համագործակցային հեռանկարներին։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները: Փոխնախարար Նազարյանը լիտվական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրեց նաև ադրբեջանական սադրանքների հետևանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ՀՀ ԱԳՆ