Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկացա, որ այնտեղ ժողովուրդն անհաղթ է». Արկադի Տեր-Թադևոսյան

Հոկտեմբեր 09,2015 19:52

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձան:

Այն կառուցվել է 1972 թվականից հիշյալ վարչական շրջանում տեղադրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ:

«Այս հուշարձանի բացումը մեզ համար մեծ պատիվ է: Ես խոնարհվում եմ Արցախյան պատերազմում զոհված մեր քաջարի տղաների շիրիմների առջև, խոնարհվում եմ նրանց ծնողների առջև, որ նման զավակներ են տվել մեր ազգին, մեր պետությանը: Նրանց հայրենասիրությունն ու հայրենիքին մատուցած ծառայությունները պետք է գնահատվեն, բարձր պահվեն ու փոխանցվեն եկող սերունդներին: Նրանք, ինչպես և այսօր սահմանում զոհվող մեր զինվորները, հայ ժողովրդի պատմությունը կերտողներն են»,- հուշակոթողի բացման արարողության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բացի Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձանի բացումից, դավթաշենցիներն այսօր նշում էին նաև Դավթաշենի հիմնադրման 77-ամյակը:

1939 թվականին, երբ հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ տոնում էր «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակը, ընդամենը մեկ տարի առաջ հիմնադրված ու ապարանցիներով բնակեցված գյուղը հայկական էպոսի ամենասիրելի հերոսի՝ Դավթի անունով կոչվեց Դավթաշեն:

1990 թվականին հենց այստեղ է ձևավորվում «Սասունցի Դավիթ» ջոկատը, որի կազմում է իր հերոսական ուղին սկսել նաև Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատմեց, որ 90-ականների այն ծանր օրերին գրեթե նույն տարածքում, որտեղ այսօր նորաբաց հուշարձանն է, խորհրդային զինվորական Արկադի Տեր-Թադևոսյանը ելակի իր այգին էր մշակում. «Հողամաս ունեի, ելակ էի աճեցնում: Իսկ տղերքն այստեղից մոտ հարյուր մետր այն կողմ, զենքերը ձեռքներին, գնում էին սահման պահելու: Ես այդ ժամանակ Սովետական Միությունն էի պաշտպանում: Հետո տղերքն ասացին՝ չէ, արի մեզ հետ: Ես գնացի ու շատ ուրախ եմ, որ օգտակար եղա «Սասունցի Դավիթ» ջոկատի, մեր ժողովրդի համար: Ես հասկացա, որ այնտեղ ժողովուրդն անհաղթ է»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, որը Երևանի քաղաքապետի հրավերով այս օրերին գտնվում է Հայաստանում՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու համար:

Միջոցառման շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Ժան-Իվ Սենանն ստորագրեցին Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնի քաղաքի քույրացման արձանագրության հայկական տարբերակը, համաձայն որի էլ արդեն կզարգանա ու կամրապնդվի երկուստեք գործակցությունը:

«Անտոնիում ապրում են հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց նախնիները, փախչելով ցեղասպանությունից, ապաստան են գտել Ֆրանսիայում: Նրանց երեխաներն այսօր Անտոնի քաղաքում կազմում են հայկական մեծ համայնք: Նրանք շատ կապված են իրենց հայկական արմատներին, պատմությանն ու մշակույթին:

Ամիսներ առաջ մեր քաղաքում տեղադրվեց մարտական արծվի տեսքով գեղեցիկ մի արձան, որը պատկերում է հայկական ոգին և, միաժամանակ, 1915 թվականի կոտորածի հուշարձան է հանդիսանում:

Անտոնիում մենք շատ ենք սիրում հայերին և մեզ համար չափազանց կարևոր էր քույրացման այս հուշագրի կնքումը: Հետագայում, բնականաբար, մենք կընդլայնենք մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասաց Անտոնի քաղաքի քաղաքապետը:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն էլ հույս հայտնեց, որ Ժան-Իվ Սենանն այստեղ կունենա այն նույն զգացողությունը, որոնք ինքն է ունեցել Անտոնիում. «Մի քանի օր գտնվելով Անտոնիում՝ մեծ ջերմություն եմ զգացել: Հավատացած եմ, որ Անտոնին ու Դավթաշենը շատ լավ բարեկամություն կարող են անել:

Մենք որոշեցինք քույրացման արձանագրության հայկական տարբերակի ստորագրումն այստեղ և այսօր կազմակերպել, որովհետև Դավթաշենի համար շատ կարևոր է Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձանի բացումը: Կարծում եմ՝ նման միջոցառմամբ մենք հիմք ենք դնում շատ լավ բարեկամության»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031