Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ օրը խորհրդակցություն էր անցկացրել Շիրակի մարզպետի ու մարզպետարանի պատասխանատուների հետ՝ քննարկելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նա մի շարք հանձնարարականներ էր տվել մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, նաեւ պատրաստակամություն հայտնել կարգի բերելու Գյումրու տարիներ շարունակ ցեխի մեջ թաղված, անանցանելի, անտեսված երկրորդական փողոցները:
«Հատկապես Գյումրիի մասով կցանկանայի տեղեկանալ այն աշխատանքի մասին, որ կատարվում է ներդրողների հետ: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք շատ արագ ճշտել բոլոր այն չօգտագործվող շինությունների, տարածքների ցանկը, որոնք հեշտությամբ կարող են դառնալ արտադրական շինություններ: Այսինքն` գույքագրել այդ ամբողջը, որովհետև ֆինանսների, ծրագրերի առկայության պայմաններում անթույլատրելի է այդպիսի շինությունների երկար փնտրտուքը, ինչը, բնական է, ավելի գրավիչ չի դարձնում ներդրողների համար, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ներդրումներ կատարեն:Ինձ նաև հետաքրքրում է Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքը: Մենք պատրաստ ենք այդտեղ հավելյալ ջանքեր ներդնելու»,- ասել էր նախագահը:
Սերժ Սարգսյանի այս ուշացած մտահոգությունը առաջացրել է Շիրակի մարզի բազմաթիվ մտավորականների զայրույթը, որոնց մեկնաբանմամբ նախագահն այս միջոցով փորձում է «այո» կորզել իր սահմանադրական փոփոխություններին:
Aravot.am-ը տնտեսագետ Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ իրո՞ք հավատարժան է նախագահի ասածը ներդրողների պահով, ներդրողները Գյումրի ոտք կդնե՞ն, այս քաղաքը այդ իմաստով գրավչություն ունի, ի՞նչ է ցույց տալիս փորձը: «Ներդրողը շփվելու է կոռումպացված դատական համակարգի, վարչահրամայական մեթոդներով աշխատող ՊԵԿ-ի, թվեր նկարող ՀԷՑ-ի և այդ ամենը արդարացնող իշխանության հետ: Այսքանը թվարկելուց հետո ո՞ր ներդնողը ռիսկ կանի քիչ թե շատ նշանակալից ներդրում անի Հայաստանում կամ Գյումրիում, երբ գործող տնտեսական միավորներն ընդլայնվելու հնարավորություն չեն տեսնում, եթե չասեմ փակվում են: Հայաստանի հանրապետությունում տարեկան փակվում է 12000 փոքր ու միջին ձեռնարկություն:
Կարդացեք նաև
Ասեմ, որ նույնքան էլ բացվում են, բայց փակվում են բազմամյա փորձ ունեցող բիզնեսներ, որոնք արդեն մի քանի աշխատակիցներ ունեն: Եւ սա այն դեպքում, երբ նոր բացվողները նոր աշխատատեղերը նույն քանակով չեն ստեղծում, որի արդյունքը գործազրկության աճն է: Դուք ծրագիր տեսա՞ք նախագահի այդ բառերի տակ: Տեսա՞ք Գյումրիի ինտեգրում որևէ վերմարզային համահայկական ծրագրի: Քանի Գյումրին դիտարկվում է որպես միայն մարզկենտրոն, այս քաղաքը դատարկվելու է. Շիրակի մարզին որպես մարզկենտրոնի 30-50 հազար բնակչությունն էլ է նորմալ, մինչև Գյումրին արդյունաբերական քաղաք չդառնա, նույնիսկ 100.000- անոց քաղաքի մասին երազել չարժի: Իսկ վերջին 7 տարվա դինամիկան ընթանում է հակառակ ուղղությամբ՝ արտագաղթ»,- ասաց տնտեսագետը:
Հարցին՝ մի՞թե Սերժ Սարգսյանի բարեհոգությունը կապված չէ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, մեր զրուցակիցն ասաց. «Անօգուտ է: Կոնկրետ իմ համար այս փոփոխությունները սահմանափակում են իմ ընտրական իրավունքը ժամկետների և իմ քաղաքացիական իրավունքի մասով: Սահմանափակում են իմ մասնակցությունը երկրիս կառավարմանը: Դրա դիմաց ի՞նչ են խոստանում. ասֆալտել 2-3 փողոց : Ծիծաղելի է…», -եզրափակեց տնտեսագետ Կարեն Ավագյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ