«Նոր որակի կրթության անհրաժեշտություն կա, այնպիսի որակի, որը հնարավորություն կտա օգտվելու համացանցում առկա շտեմարաններից: Մեր կրթական համակարգն օր օրի հետ է ընկնում: Ժամանակն է, որպեսզի հեռավար ուսուցում իրականացվի»,-այսօր Հանրային խորհրդի՝ կրթության հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա խոսքով. «Սփյուռքի համայնքներում ինչ-որ կերպ հայկական կրթություն պետք է մատուցել: Սահմանամերձ դպրոցներում էլ մասնագետների լուրջ պակաս կա»:
Արշակ Սադոյանը նշեց, որ ուսուցիչների վերապատրաստման խնդիրն է ակնառու. «Ուսուցիչների մեծ մասը շարունակում է սովետական ժամանակաշրջանի իներցիայով շարժվել, կարծես ինֆորմացիոն տեխնոլոգիաների հեղափոխություն չի եղել: Բավականին աշխատանք արվում է այդ ուղղությամբ, բայց լուրջ գնահատական չկա, թե ուսուցիչն ինչպես է յուրացրել վերապատրաստումը»:
Հանրային խորհրդի անդամի խոսքով՝ պետք է մշակել ուսուցիչների վերապատրաստման ժամանակակից մեթոդներ: Սադոյանն առաջարկում է նաեւ դպրոցներում դասավանդվող որոշ պիլոտային ծրագրերի շրջանակում նկարահանել դասապրոցեսը, որպեսզի ուսուցիչներ վերապատրաստող մասնագետները հասկանան՝ որտեղ է թերությունը: Նա համոզված է, որ տեսաձայնագրված դասագրքեր կիրառելու ժամանակն է:
Կարդացեք նաև
Ի պատասխան նրա առաջարկների՝ Կրթության եւ գիտության նախարարն ասաց, որ կրթության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը նախարարությունն աննախադեպ ծավալների է հասցրել. «Միայն հայալեզու կրթության բովանդակային ծավալը եռապատկվել է, ստեղծվել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման նոր գործիքներ: Երբ ասում ենք՝ հետ ենք ընկնում ինչ-որ հարցում, կխնդրեմ պրոֆեսիոնալ հղումներ տալ, հակառակ դեպքում հրապարակախոսական ելույթներ կունենանք»:
Ինչ վերաբերում է տեսաձայնագրված դասագրքերին, Աշոտյանի խոսքով՝ դրանք կարող են լինել լրացուցիչ ուսումնական գրականություն. «Ավելին, մինչեւ տարեվերջ բոլոր դպրոցները կստանան վիրտուալ լաբորատորիաներ՝ «Ֆիզիկա», «Քիմիա» եւ «Կենսաբանություն» առարկաներից»,-եզրափակեց նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ