Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներ, գյուղնախը մի շփոթեք սոցիալիստական մինիստրության հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2015 17:02

Այսօր խաղողագործներին մի հարց է հուզում՝ երբ եւ ինչ քանակությամբ կմթերվի իրենց ապրանքը. «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը հարցն ուղղեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին: Վերջինս վստահեցրեց, որ խաղողի բերքը սպասվածից 25-30 հազար տոննա ավելի է եղել, մյուս կողմից էլ մթերող ընկերությունները խնդիրներ ունեն, գյուղացիները մտավախություն ունեին, որ իրենց բերքը չի մթերվի ու հախուռն բերքահավաք էին անում, խաղողը մի գործարանից մյուսը տանում, եւ այսպես լարված իրավիճակ է ստեղծվել:

Փոխնախարարի խոսքերով՝ հիմա ավելի հանգիստ է վիճակը, նախարարությունը օրեր առաջ հորդորել է գյուղացիներին ավելորդ շտապողականություն չդրսեւորել, դեռ ժամանակ կա բերքը հավաքելու, իսկ վերամշակող գործարանների հետ լրացուցիչ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Գյուղնախարարությունը եւս մեկ անգամ վստահեցրեց՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են, որպեսզի խաղողն անկորուստ մթերվի, վերամշակող այն ընկերություններին, որոնք ազատ ֆինանսական միջոցներ չունեն, կառավարությունը օգնել է, ռեսուրսներ են տրամադրվել:

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկմանը ներկա ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյան էլ հիշեցրեց, որ կառավարությունը տարիներ առաջ գինեգործության, կոնյակագործության ոլորտները գերակա ճյուղ է հայտարարել, հիմա որեւէ արտադրող զգո՞ւմ է այդ գերակա ճյուղը. «Երբ ԵՏՄ էինք մտնում, ասում էին՝ Հայաստանի արտադրության ծավալներն այնքան քիչ են, որ ռուսական մեծ շուկայի ծավալներին չեն հասցնում, Ռուսաստանից պահանջում են շատ մեծ քանակությամբ ապրանք, հիմա ավել է եղել»:

Մելքումյանը նաեւ հիշեցրեց Հայաստանի դեսպանատների մեծ մասի անգործությունը, որոնք նաեւ տվյալ երկրներում պետք է առեւտրի կցորդի միջոցով, դեսպանների միջոցով Հայաստանի ապրանքների իրացման համար շուկաներ գտնեն:

ginegocner

Քննարկման մեկ այլ մասնակից՝ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ նկատեց, որ ներկայումս կրկնվում է 1997-98 թվականի ճգնաժամի պատմությունը. Այն ժամանակ էլ մթերող ընկերություններին կառավարությունը ստիպեց խաղողը վերցնել ամբողջությամբ, բանկերին ստիպեց վարկավորեն՝ տարեկան մինչեւ 360%-ի հասավ, եւ եղավ ռուբլու արժեզրկում՝ գործարանները սնանկացան. «Հիմա նույնը կրկնվում է, բայց հիմա վիճակն ավելի լուրջ է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գառնիկ Պետրոսյանն էլ ասաց, որ ֆորսմաժորային վիճակում ենք, ամենալուրջ տնտեսագետներն էլ չէին պատկերացնի, որ ռուսական ռուբլին այսքան կարժեզրկվի: Փոխնախարարն ասաց, որ նոր շուկաների հայտնաբերման խնդիրն իրենց համար օրակարգային է՝ հաշվի առնելով 1998 թվականի դառը փորձը:

Հիշեցնենք, որտարիներ շարունակ բազմաթիվ տնտեսագետներ մշտապես հայտարարում են՝ արտահանման շուկան պետք է դիվերսիֆիկացվի, որպեսզի մեծամասամբ ռուսական շուկայից կախված չլինենք, ու փաստորեն ամեն անգամ խնդիրների բախվելիս կառավարության անդամները նույն բանն են կրկնում, բայց ըստ էության, այս տարիների ընթացքում Հայաստանը կրկին կախված է ռուսական շուկայից:

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը դիմեց Գառնիկ Պետրոսյանին՝ «Գյուղացին, խաղողագործն ամբողջ տարի ինքն իր միջոցներով կարողացել է բերք արտադրել, առատ բերք ունենք, հիմա, պարոն Պետրոսյան, ասացիք 8-9 ամիս առաջ գիտեիք, որ այսպիսի իրավիճակ է լինելու, բա այդ ընթացքում ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք: Ասում եք՝ մի ամիս առաջ հավաքվել եք՝ ծրագրեր մշակել, այդ ծրագրերը մեկ տարի առաջ պիտի մշակվեին: Խաղողագործը ծանր վիճակում է, վարկային պարտավորվածություններ ունի, հեսա հոկտեմբերի 10-ից սկսվում է, հեսա էդ ոլորտն էլ է պայթելու, գյուղացին գազի, լույսի, ուսման վարձի խնդիր ունի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գառնիկ Պետրոսյանն այս հարցին ի պատասխան, ասաց, որ գյուղացիները գյուղնախարարությանը դնում են սոցիալիստական նախարարության տեղը, որն ուներ հզոր գործարաններ, ու հնարավորություններ:

Այնուամենայնիվ, Պետրոսյանը եւս մեկ անգամ վստահաբար հայտարարեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի չմթերված բերք չմնա, ապա իրեն ապահովագրելու համար ավելացրեց. «Բայց որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե արտաքին շուկայում ինչպիսի նոր մարտահրավերներ կարող են լինել»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031