Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը հեքիաթագիր է դարձել: Օրերս էլ լույս է տեսել նրա «Անշունչների բամբասանքը կամ հեքիաթներ մեծահասակների համար» գրքույկը:
Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ մինչ այս գրքույկն էլ շատ է հրատարակվել, տնտեսագիտության ոլորտում ունի շուրջ 200 հոդված եւ մենագրություն: «Երբ հասուն գիտնականը որոշում է, որ իր ոլորտում կարծես ասելիք չունի կամ ասել է, այն ինչ կարող է, սկսում է փնտրտուքների մեջ ընկնել եւ այլ ոլորտում ինքնահաստատման քայլեր անել: Ես էլ որոշեցի հեքիաթներ գրել: Դրանք սկզբում հեքիաթներ էին մանուկների համար, հետո հասկացա, որ մեծահասակներն էլ պետք է հեքիաթներ ունենան եւ կարդան, որտեղ բարին հաղթում է չարին, որտեղ իշխում է արդարությունը, որովհետեւ մեր առօրյա կյանքում երբեմն չենք հասկանում, որ պետք է ապրել ազնիվ, անկեղծ, միմյանց չխանգարելով:Այդ ամենը կա մանուկների հեքիաթներում, ուստի մտածեցի, որ լավ կլինի մեծերն էլ հեքիաթներ ունենան ու կանգնեն ճիշտ ուղու վրա: Հեքիաթների հերոսները մեզ շրջապատող անշունչ առարկաներն են, որոնք կողքից դիտում են մեր կյանքը, մեր ապրելաոճը, վարքագիծը եւ մեզանից թաքուն սկսում են բամբասել մեր մասին»,-ասաց Արմեն Ճուղուրյանը:
Քանի որ գրքում հեքիաթ մանրապատումներ են, հեղինակը որոշել է, որ դրանք անպայման պետք է ուղեկցվեն ծաղրանկարներով: Այդ գործում նրան աջակցել է ծաղրանկարիչ Արզօն:
Կարդացեք նաև
«Անշունչների բամբասանքը կամ հեքիաթներ մեծահասակների համար»-ը Ճուղուրյանի 4-րդ հեքիաթների գրքույկն է, առաջին երեքը մանուկներին էին հասցեագրված: Նախորդ երեք գրքույկների բոլոր հեքիաթները սկսվում էին «Թե ինչու է ..» վերնագրով:
Գրքույկները կարծես մանկական հանրագիտարաններ լինեին, որտեղ գիտելիքները մատուցված են հեքիաթների ձեւով: «4-6 տարեկան երեխան պիտի հասկանա, թե ինչու է կրակը վառվում, ջրվեժը աղմկում, կամ ինչու է ծիրանը երկու մասից: Ամեն ինչ ներկայացված է հեքիաթային պատումներով, որպեսզի մանուկների մոտ հետաքրքրություն առաջանա իրենց շրջապատի նկատմամբ եւ այդ ձեւով լրացնեն իրենց հետաքրքրությունների շրջանակը: Իսկ հեքիաթների 4-րդ գրքույկը գրվել է այն նպատակով, որ մեծերն էլ կարողանան հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը»,- կարծում է մեր զրուցակիցը:
Նաեւ հավելում է . «Դասախոսական պրակտիկայում ես չեմ հասցնում մի կարեւոր պարտականություն կատարել՝ կապված ծրագրային խտության եւ ինտենսիվության հետ, դա ուսանողներին կրթելու եւ դաստիարակչական աշխատանքի ոլորտն է: Մենք լսարան ենք մտնում հազիվ հասցնելով մեր նյութը մատուցել, չհասկանալով, որ մանկավարժներ ենք ու պիտի զբաղվենք նաեւ դաստիարակչական աշխատանքով: Գրքույկում զետեղված բարոյախրատական պատմություններով, որոնք չեմ կարողանում լսարանում ներկայացնել, կփորձեմ այդ բացը լրացնել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ