Հայաստանի հինգ մարզի հասարակական կազմակերպությունների հետ շուրջ մեկ տարվա աշխատանքից հետո մասնակից ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմավորվել է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա, որի նպատակն է համախմբել այն ՀԿ-ներին և ՓՄՁ-ներին, որոնք ցանկություն ունեն աշխատելու կամ արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում` նրանց տրամադրելով խորհրդատվություն և աջակցություն:
Սեպտեմբերի 25-ից 27-ը Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի յոթ հիմնադիր ՀԿ-ների ներկայացուցիչների համար Միացյալ Թագավորության փորձագետ Ուդե Թաքարն անցկացրել է դասընթացների շարք` նրանց ծանոթացնելով ասոցիացիաների կառավարման բրիտանական փորձին:
Դասընթացի ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի պաշտոնական ներկայացումը ծրագրի շահառու կողմերին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց, որ ասոցիացիայի դերը մեծ է Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման համար:
Հոկտեմբերի 12-ից 16-ը Բրիտանական խորհուրդը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան կազմակերպում են միջմարզային հանդիպումների շարք: «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի ներկայացուցիչները և Սլովենիայի սոցիալական ձեռնարկությունների ֆորումի ներկայացուցիչ Միրյանա Մլադիչը, ով հատուկ այս այցելությունների համար ժամանել է Հայաստան, կհանդիպեն Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռիի և Գեղարքունիքի ՀԿ-ների ներկայացուցիչներին: Հանդիպումների նպատակն է ներկայացնել սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքները, ինչպես նաև տեղեկացնել սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի կազմավորման ու նպատակների մասին:
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 949 670 եվրո:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական միության մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Մամլո հաղորդագրություն