«Գրում ենք այն դասագրքերը, որոնք կարողանում ենք գրել. մենք այդքան ենք կարողանում: Իհարկե, մեկ-երկու օրինակ դասագրքեր կան, որոնք կարող են վիճելի լինել»,-այսօր Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ կրթության ոլորտի հիմնահարցերին նվիրված քննարկման ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով դասագրքերի գերբեռնվածության խնդրից:
«Ժամանակին քաղաքական ռիսկ վերցրեցի ինձ վրա եւ մրցույթում հաղթող ճանաչվեցին արտասահմանում ստեղծված որոշ դասագրքեր՝ մրցակցություն մտցնելու համար: Խայտառակ լրատվական աղմուկ բարձրացվեց, ինձ վրա դրվեց դպրոցը քայքայելու մեղքը: Խոստովանենք, որ եթե չենք կարողանում մաթեմատիկայի ճիշտ դասագիրք գրել, եկեք դրսից վերցնենք»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Դիմելով ներկաներին՝ նա ասաց. «Սիրելի գիտնականներ, գրեք ավելի լավ դասագրքեր: Դրանք բարդ են եւ ծանրաբեռնված: Գրքերի զգալի մասը կոնսպեկտներ են եւ հակակրանք են առաջացնում գրականության եւ պատմության հանդեպ: Ոնց կարելի է պատմության նման չքնաղ առարկան գրել այսպես՝ չորով կարդում ես՝ թվեր անուններ, տեղանքներ…»:
Նշենք, որ Հանրային խորհրդի կազմակերպած հանդիպման ժամանակ քննարկվելու են հանրակրթական եւ բուհական համակարգի այլ խնդիրներ եւս:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ