Լրահոս
Օրվա լրահոսը

9 տարի է՝ դիակիզարանի օրենք կա, բայց դիակիզարան չկա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2015 15:02

2006 թվականին մեր երկիրն ընդունել է դիակիզարանի մասին օրենք, սակայն այս ինը տարիների ընթացքում մեր քաղաքացիներից որեւէ մեկի մարմինը Հայաստանում չեն դիակիզել, քանի որ դիակիզարան դեռեւս չունենք: Այսօր «Ելակետ» ակումբում Հայ առաքելական եկեղեցու սարկավագ Արման Սաֆարյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը բանավիճեցին` պե՞տք է, արդյոք, մեր երկրին դիակիզարան:

Սարկավագ Արման Սաֆարյանը միանշանակ դեմ էր մահանալուց հետո մարդուն դիակիզելուն, իր դիրքորոշումը բացատրելով աստվածաշնչյան հորդորներով:

Իրինա Ծատուրյանն առաջարկում էր գերեզմանին այլընտրանք լինեն նաեւ դիակիզարաններ, եւ ով որ տարբերակը կուզի` ընտրի: Արման Սաֆարյանն ասաց, որ եկեղեցին այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում չունի:

Այդուհանդերձ, սարկավագը հորդորեց չշեղվել ավանդական` հողում թաղում կատարելու տարբերակից, քանի որ ինչպես Աստվածաշնչում է նշվում` «հող էիր՝ հող դարձար»: Նրա խոսքերով, մարդուն այրելիս ոչ բոլոր ոսկորներն են վառվում, ուստի չայրվածներն աղում են եւ լցնում այդ մոխրի վրա:

Արման Սաֆարյանը գտնում է, որ դիակիզարան չկառուցելու պատճառը ոչ այնքան նյութական է, ինչպես ենթադրում է հոգեբան տիկին Ծատուրյանը, որքան` հոգեբանական. «Հայաստանի Հանրապետությունում 97 տոկոսը ապրում են միայն հայեր եւ այդ հայերը տեսել եւ լսել են քրիստոնեական ավանդական թաղման ծիսակարգը: Այդ է պատճառը, որ չի ֆինանսավորվում այդ գործընթացը: Եթե Հայաստանը պատրաստ լիներ դրան, միանշանակ Եվրախորհրդի բոլոր պետությունները ամեն ինչ կանեին, որ Հայաստանում լինի դիակիզարան, քանի որ Եվրոպան ամեն ինչ անում է, որ արժեհամակարգը միատարր լինի»:

Իրինա Ծատուրյանն ասաց, որ մեր ժողովուրդը հոգեբանորեն դեռ պատրաստ չէ դիակիզվելուն կամ իրենց հարազատներին այդ ձեւով հրաժեշտ տալուն: Սակայն, ըստ նրա, աշխարհը փոխվում է, եւ հող չունենալու խնդիր է առաջանում:

«Հող էիր՝ հող դարձար, բայց մենք արդեն հող չունենք: Մյուս կողմից՝ եղած գերեզմանատները հուսալի չեն. Սովետաշենի գերեզմանոցը սողանքների պատճառով բացվեց եւ շատ ծանր էմոցիաներ առաջացրեց հանգուցյալների հարազատների համար կամ ջրերը տանում են գերեզմանոցները եւ դագաղները, մարդկանց ոսկորները բացվում են»:

Հոգեբանը նաեւ խնդիր էր համարում, որ աշխարհով մեկ սփռված հայերի մահանալուց առաջ վերջին կամքը լինում է հայրենիքում ամփոփվելը, ինչը եւս նպաստում է, որ Հայաստանը վերածվի գերեզմանոցի: Նա նաեւ ասաց, որ դիակիզարան չունենալու պատճառներից մեկն էլ մեր ավանդապահ լինելն է, ինչը, սակայն, լավ հատկանիշ է, բայց, եթե ավանդականի հետ միասին հայերը կարողանային վերցնել նաեւ նորը, ինչպես որ ճապոնացիներն են անում, ապա շատ ավելի ճիշտ կընթանար մեր ազգի ու երկրի զարգացումը:

Սարկավագ Սաֆարյանն ասաց, որ մարդուն այրելու հետեւանքով առաջանում է սնդիկ, ինչը շրջակա միջավայրի համար շատ վտանգավոր է:

Հոգեբանը սարկավագից հետաքրքրվեց, թե մարդուն հողում թաղելով սնդիկն ո՞ւր է գնում, վնաս չի՞ հասցնում բնությանը:

Հոգեբանի եւ սարկավագի բանավեճը` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031