Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը ծանոթ չէ Սահմանադրության այն վերջնական տեքստին, որն ընդունեց ՀՀ ԱԺ-ն

Հոկտեմբեր 09,2015 14:38

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի ուշագրավ բացահայտում արեց. նոր Սահմանադրության այն տեքստը, որն ընդունել է ՀՀ խորհրդարանը, դեռ չի հանձնվել հանձնաժողովին, ուստի Վենետիկի հանձնաժողովը վերջնական տեքստին ծանոթ չէ:

Aravot.am-ի հարցին` արդյոք գո՞հ են ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունից` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց առաջարկների մի մասը, այնուամենայնիվ, չի ընդունվել, պարոն Բուքիքիոն պատասխանեց. «Դրանց մեծամասնությունն ընդունվել են: Իսկ Վենետիկի հանձնաժողովի հաջորդ նիստին կքննարկենք Սահմանադրության տեքստի վերջնական տարբերակը, քանի որ այդ տեքստին դեռ ծանոթ չենք»:

Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում մեր հնչեցրած հարցին` արդյոք կարելի՞ է խոսել սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի մասին, երբ տասնյակ իրավաբաններ, ընդդիմությունը, ՀՀ նախկին նախագահները դեմ են սահմանադրական փոփոխություններին, պարոն Բուքիքիոն պատասխանեց. «Հետևում եմ սահմանադրական բարեփոխումների գործընթացին ՀՀ-ում երկար ժամանակ, դեռ 2001-ից: Ես լավ ճանաչում եմ նաև ՀՀ երկու նախկին նախագահներին` Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Հանդիպել եմ թե՛ Լևոն Տեր -Պետրոսյանին, թե՛ 2003-ին Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ Քոչարյանը ցանկանում էր կառավարման համակարգի մոդել ընտրել կիսանախագահականը, ընդդիմության ներկայացուցիչները` խորհրդարանականը: Տեղի ունեցավ հանրաքվե, արդյունքում բարեփոխումներ տեղի չունեցան: Բայց մեր համագործակցությունը շարունակվեց ավելի արդյունավետ մակարդակով, և 2013-ին եղավ սահմանադրական բարեփոխումների մի նոր նախաձեռնություն: Վենետիկի հանձնաժողովին այս գործընթացը մտահոգում է այնքանով, որ այդ բարեփոխումները համահունչ լինեն միջազգային չափորոշիչներին: Իսկ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեծամասնությամբ համապատասխանում է այդ չափանիշներին»:

Ջիանի Բուքիքիոն նաև նկատեց, թե բոլոր երկրներում էլ, այդ թվում նաև Հայաստանում, լինելու են կողմ և դեմ կարծիքներ, բայց մի բան հստակ է. Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն ու առաջարկները պարտադիր չեն: Վենետիկի հանձնաժողովին տրվել էր խնդրանք, որ գնահատում իրականացնի փաստաթղթին ու դա արվել է:

Եզրափակելով՝ պարոն Բուքիքիոն ասաց. «Այժմ խոսքը հայ հասարակությանն է: Բայց միանշանակ է այն, որ այս ոլորտում լուրջ զարգացումներ կան»:

Իշխանության գերկենտրոնացման մասին մտահոգություններին ի պատասխան՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասաց. «Գերկենտրոնացում եզրույթի վրա պետք չէ այդքան կենտրոնանալ, այլ պետք է պետական իշխանության ճյուղերի անկախության վրա կենտրոնանալ»:

Կայուն մեծամասնության հետ կապված խնդրահարույց դրույթի առիթով պարոն Բուքիքիոն ասաց. «Ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցումը որոշակի գործընթաց է ենթադրում, և այդ տեսանկյունից կայուն մեծամասնությունը և համամասնական ընտրակարգով ընտրությունների իրականացումը կարևոր երաշխիքներ են»:

Ընտրությունների երկրորդ փուլի պարտադիր անցկացման վերաբերյալ Ջիանի Բուքիքիոն կրկին շեշտեց, թե այդ հարցը ամրապնդել Սահմանադրության մակարդակով, այնքան էլ նախընտրելի չէ. այն պետք է ընտրական գործընթացների շրջանակներում կարգավորվի, որը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ընդունեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Պարզվում է, որ հաճախորդ լինելու համար ՀՀ անձնագիր ունենալը պարտադիր պայման չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031