«Մեր շփումները թույլ են տալիս ասել, որ կոնսոլիդացիա է ձեւավորվել՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ Լեւոն Զուրաբյանն էլ քիչ առաջ ասում էր, որ կոնսոլիդացիա կա մերժելու այդ փոփոխությունները՝ նա պատասխանեց. «Իհարկե, Լեւոնը, Սասունը, Ջհանգիրը պնդում են, բա պետք է պնդեն, բա ինչ պետք է անեն: Առանձին մարդկային խմբեր բնականաբար պետք է ինչ-որ ճակատ ձեւավորեն: Դուք կարո՞ղ եք բերել մի փաստաթուղթ, որ միաձայն ընդունված լինի ժողովրդի կողմից, միշտ լինում են քննադատողներ: Բայց քաղաքական ուժերի մեծամասնությունը, հ/կ-ների մեծամասնությունը ողջունում են Սահմանադրական հանրաքվեն»:
Լրագրողները հարցրեցին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ փաստեր ունի, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին եւ այդ փաստերը կներկայացվի, Դու ունե՞ք տեղեկություն այդ մասին՝ նա պատասխանեց. «Լեւոնին Լենին պապիկ եք դարձնում: Ցավում եմ, որ այդ անձեռնմխելի ինստիտուտը կա եւ պատգամավորները կարող են հանիրավի մեղադրել կառույցներին եւ անպատասխան, անպատիժ մնալ»:
Հարցին՝ եթե «Ոչ»-ի շարժումը ձեզ համար վտանգ չի ներկայացնում, ինչո՞ւ եք ճնշում, ավտոբուսի ճանապարհ եք փակում՝ Վահրամ Բաղդասարյանը հեգնեց. «Իրենք են ուզում, որ իրենց ճնշեն: Պատգամավորներից ոմանք, ասենք, մտնում են մեքենան ու ասում՝ ես դուրս չեմ գալիս, կասեմ՝ ինձ բերման են ենթարկել: Ասում են՝ իջի, ասում ա՝ չէ, ես գնում եմ իմ ժողովրդի հետ: Ոչ մի ճնշում չկա: Տեսնում են, որ իրենց «Ոչ»-ի շարժումը արդյունք չի տալիս՝ պետք է գնան նման պրովոկացիաների: Մենք պրովոկացիաների չենք ենթարկվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ