Հոկտեմբերի 18-ին Վարշավայում կկայանա լեհ երգչուհի, էստրադային աստղ Աննա Գերմանի անվան «Wiktoria 2015» միջազգային մրցույթը. Հայաստանը կներկայացնի գյումրեցի օպերային երգչուհի Լեոնորան: Նա այդ մրցույթին մասնակցելու հրավեր ստացել է «Կատարողական արվեստի աշխարհ» ասոցիացիայի կողմից: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց երգչուհին: Նա կկատարի Բախ-Կունոյի «Ավե Մարիա» ստեղծագործությունը: Լեոնորան ասաց, որ մասնակիցները կատարելու են երգեր բացառապես Աննա Գերմանի երգացանկից:
Հիշեցնենք, որ Աննա Գերմանը հանրահայտ է դարձել աշխարհի տարբեր լեզուներով երգեր կատարելով՝ առաջին հերթին լեհերեն և ռուսերեն լեզուներով։
«Արվեստագետը բեմում պետք է ապրումներով, բառերի իմաստը հասկանալով ելույթ ունենա, կատարի, իսկ մրցույթից առաջ հուզմունք, վախ չունեմ: Հուզմունքս ուրախության կվերածվի, երբ հերթական հաղթանակը բերեմ մեր երկրին», -մեզ հետ զրույցում ասաց Լեոնորան:
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 13-17-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթին, որին մասնակցել էին լավագույն երգիչներ 10 երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ուկրաինա, Սերբիա, Ռումինիա, «Գրան Պրի» մրցանակին արժանացել էր հենց գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորան: Նա կատարել էր Կոմիտասի «Կռունկը» եւ Լուիջի Արդիտիի «Bacio»-ն (Համբույր):
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը երգչուհու ֆեյսբուքյան էջից