Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են՝ իշխող ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված Սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործն է եղել Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, ինքը այնտեղ զբաղվել է լոբբինգով եւ մենք փաստեր էլ ունենք»:
Լրագրողները հարցրեցին՝ ասացիք, որ կաշառված է Վենետիկի հանձնաժողովը եւ կան փաստեր, կներկայացնե՞ք այդ փաստերը: Նա հերքեց. «Ես չասացի, որ կաշառվել է հանձնաժողովը, ասացի, որ Գագիկ Հարությունյանը զբաղվել է կաշառելով: Իմ խոսքերը մի աղավաղեք: Փաստեր ունենք Գագիկ Հարությունյանի գործունեության մասին Վենետիկում: Ինչ պետք է՝ կհրապարակենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլում շրջանառվեց, որ վերջին 2 օրերի ընթացքում մեծ վեճ, կռիվ է եղել ձեր եւ Լյուդմիլա Սարգսյանի միջեւ, ի՞նչ վեճ է դա եղել: Լեւոն Զուրաբյանը հերքեց, որ եղել է նման վեճ, ասելով, որ մամուլը ստախոսությամբ է զբաղվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ