Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններով հանրային իշխանությունը «ձեռքերը լվացել» է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունից

Հոկտեմբեր 09,2015 13:53

Սահմանադրական փոփոխությունների նախագծով, կարելի է ասել, հանրային իշխանությունների վրայից հանվել է բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը, նրանց փոխարեն նախագծում պատասխանատվությունը դրվել է քաղաքացու վրա: Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց այն հոդվածները, որոնք փոփոխվելուց հետո մտահոգության առիթ են տալիս: Ըստ էկոլոգ-իրավաբանի, եթե գործող Սահմանադրությամբ բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը դրված էր պետության վրա, ապա փոփոխությամբ,

հանրային իշխանությունը պետք է խթանի շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանը, իսկ քաղաքացին հոգ տանի շրջակա միջավայրի պահպանության մասին:
«Այս հոդվածից պարզ է, որ հանրային իշխանության պարտավորությունը` պահպանել եւ վերականգնել շրջակա միջավայրը, խիստ նվազեցված է, քանի որ «խթանել» բառը պարտավորեցնող չէ, իրավական ծանրաբեռնվածություն գրեթե չի կրում, հետեւաբար դրա կիրառմամբ էականորեն կնվազեցվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հանրային իշխանությունների` որպես երաշխավորի, ակտիվ գործունեության դերը»:

Նազելի Վարդանյանը գտնում է, որ այս հոդվածով արժեզրկվել է շրջակա միջավայրի պահպանության գաղափարը, ինչն արտացոլում է մեր պետության վերաբերմունքը շրջակա միջավայրի պահպանությանը:

«Մեր երկրում հանրային իշխանությունները ունեն միայն իրավունքներ, իսկ քաղաքացիները միայն պարտականություններ: Ակնհայտ անհամաչափ են պետության եւ քաղաքացու վրա դրված իրավական ծանրաբեռնվածությունը` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Նման մոտեցումը միանգամայն անընդունելի է»,-ասում է տիկին Վարդանյանը:

Ըստ նրա, մեկ այլ ոչ պակաս կարեւոր հոդված էլ` այն է՝ մարդու առողջ եւ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, որը ամրագրված է գործող Սահմանադրության 33.2 հոդվածում, փոփոխված նախագծում ընդհանրապես բացակայում է: Ինչը նշանակում է հետընթաց այս ոլորտում:

Տիկին Վարդանյանն ասաց, որ այդ իրավունքը գործող Սահմանադրությունում ամրագրվել էր 2005 թ-ին` բնապահպանական կազմակերպությունների երկարատեւ եւ համառ պայքարի արդյունքում. « Նշված իրավունքը` հիմնարար իրավունք է եւ պետք էր այն ամրագրել նախագծում»:

Սահմանադրության նախագծի 11-րդ հոդվածում էլ խոսք է գնում շրջակա միջավայրի պահպանության եւ կայուն զարգացման մասին: Մասնագետն ասաց, որ «կայուն զարգացում» բառակապակցությունը ամենեւին տեղին չէ. «ՀՀ որեւէ օրենսդրական ակտում, ոչ էլ Հայաստանի կողմից վավերացված որեւէ միջազգային պայմանագրում չի տրված «կայուն զարգացում» իրավական հասկացությունը, առավել եւս չեն սահմանված դրա սկզբունքները, հետեւաբար, պարզ չէ, ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվել` սույն սահմանադրական նորմը կիրառելիս»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031