Այսօր Aravot.am-ը ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ Էլինար Վարդանյանին խմբակցությունից հեռացնելը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելը չի կարող պատճառ լինել՝ խմբակցությունից հեռացնելու: Դա ընդամենը առիթ է, իսկ պատճառ է այն, որ քոչարյանական թեւին խմբակցությունից մաքրում են:
Նա պատասխանեց. «Քոչարյանի հետ որեւիցե կերպ կապ չունի այդ գործունեությունը: Ամիսներ շարունակ տիկին Վարդանյանի կողմից եղել է բավականաչափ պասիվ գործունեություն խորհրդարանում: ԲՀԿ-ում, մասնավորապես Կենտրոն տարածքային կառույցում այդ հարցը, որ քննարկվել է, մանրակրկիտ նշվել է, քննարկվել է, որ տիկին Վարդանյանը շատ պասիվ մասնակցություն է ունեցել»:
Հարցին՝ ինչո՞ւ համընկավ քվեարկության հետ՝ նա պատասխանեց՝ որոշակի հրապարակումների հետ համընկավ. «ԲՀԿ-ն պետք է պահպանի, պաշտպանի աշխատանքային կուլտուրան: Եթե քաղաքական գործիչը գնում է գործուղման եւ չի տեղեկացնում կուսակցության ղեկավարին, խմբակցության քարտուղարին, նորմա՞լ եք համարում դա: Երբ խմբակցության նիստերին չեն մասնակցում, նմանօրինակ գործողություններ: Դրանք մեր ներքին խոհանոցային հարցերն են»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ բա Գագիկ Ծառուկյանը շա՞տ ակտիվ է խմբակցությունում, որ չեք հեռացնում՝ նա պատասխանեց. «Ես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չեմ, կարող եք իրենից ճշտել, թե ինչու չի մասնակցել: Խմբակցությունում երբ քննարկել ենք, մենք հարգելի ենք համարել մյուս բոլորի բացակաները: Նրանք ՀՀ-ում զբաղված են այլ կարեւոր գործով, նախկինում իրենք դիրքորոշումը արտահայտել են եւ հիմնավորել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ խոսվում է հանձնաժողովներում Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի գործունեության դադարեցման մասին: Կա՛մ նրանք պետք է հրաժարական տան, կա՛մ դուք պետք է ԱԺ նիստ հրավիրեք, պատրաս՞տ եք այդ ընթացակարգերով շարժվել, կդիմե՞ք այդ քայլին, եթե հրաժարական չլինի:
Էնֆիաջյանը պատասխանեց, որ խմբակցությունում բավականին մեծ քանակով պատգամավորներ քննարկում են, որպեսզի նաեւ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչվեն: Մեր ընկերները պետք է իրենք կողմնորոշվեն եւ քայլ անեն: Եթե այլ ծրագիր ունեն, շատ ավելի ազնիվ կլինի հայտարարել, որ իրենք այլ ծրագրով են գնում»: Նա ասաց, որ պատրաստ են բոլոր ընթացակարգերով անցնել:
Հարցին՝ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը միակ պատգամավորները չեն, որոնք դեմ են գնում խմբակցության որոշումներին, ինչո՞ւ հենց նրանց թիրախավորեցիք, օրինակ, Հայկ Խաչատրյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ում որեւէ մեկը խնդիր չի ունեցել իր կարծիքը ազատ արտահայտել: Ավելի ազնիվ եմ համարում Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը եւ գալն ու դեմ քվեարկելը: Եթե հիմնավորում ունի, պատգամավորը կարող է իր հիմնավորումը ներկայացնել եւ դիրքորոշումը քվեարկությամբ արտահայտել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ