«Հայ առաքելական եկեղեցին ողջունում է դիակային փոխպատվաստումների պրակտիկան»,- այսօր խորհրդարանում ասաց պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը`պատասխանելով Օնկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Տանանյանի հարցին:
Խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնությամբ, հիշեցնենք, այսօր խորհրդարանում լսումներ են ընթանում` «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով: «Դրական մոտեցում ունեինք Գարեգին Առաջինի օրոք, ներկայիս վեհափառն էլ կողմ է: Եկեղեցին ողջունում է»,- ասաց Արա Բաբլոյանը:
Հայաստանյան օրենքով թույլատրվում են եւ դիակային փոխպատվաստումները, եւ կենդանի մարդուց: Արգելվում են դրամական փոխհատուցումները, եւ բռնի ուժով իրականացնելը: Դիակային փոխպատվաստումներ Հայաստանում դեռ չեն արվել, քանի որ ենթաօրենսդրական ակտերը չկան: Դրանք քննարկման փուլում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ