Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնի բնակիչները բողոքում են Քոչարյանի, Մայրապետյանի ու Արմեն Գեւորգյանի «կլանից»

Հոկտեմբեր 09,2015 13:28

Երեւանի կենտրոնում գտնվող մի շարք շենքերի, որոնց տարածքները համարվել են Հանրային գերակա շահ՝ բնակիչներն այսօր «Մեդիա կենտրոնում» դժգոհել են իրենց բնակարանների հարցով ընթացող դատական գործերից:

Վարդան Գերավետյանի խոսքով, «Local developers» ընկերությունը դիմել է դատարան՝ պարտավորեցնելով կենտրոնում գտնվող երեք շենքերի բնակիչներին հարկադիր ձեւով հանել, ու արդեն երեք դատական որոշում կա, որոնք պարտավորեցնում են բնակիչներին երկամսյա ժամանակահատվածում ազատել բնակարանը ու հանձնել «Local developers» ընկերությանը. «Հայցին զուգահեռ եղել է նաեւ այդ ընկերության ղեկավար Մայրապետյանի կողմից միջնորդություն, որ արգելանք դրվի սեփականության վրա: Արդեն մի քանի ամիս է, որ իրավունք չունենք վաճառել մեր բնակարանները, կարող ենք վաճառել բացառապես այդ ընկերությանը: 8,5 տարի է՝ գտնվում ենք գերակա շահի ոլորտում, մեր բնակարանները բացառիկ կարիք են պետության համար, բայց 8,5 տարի է՝ այդ բացառիկությունը ոչ մեկը չտեսավ: Հայաստանում դատարան չունենք, դատարանները հրահանգված են»:

Վարդան Գերավետյանը դժգոհեց, որ իրենց բնակարանները կոպեկներով են գնահատել. «Օրինակ`Հյուսիսային պողոտայի հենց կենտրոնում բնակարանները գնահատվել են 800 դոլարին համարժեք դրամ: Դիմել ենք ոստիկանություն՝ գնահատման հետ կապված, այդ բնակարանները գնահատող ընկերությունը օբյեկտիվ չի գնահատել, բայց չէր կարող լիցենզիա ստացած գնահատող ընկերությունն այդքան ոչ պրոֆեսիոնալ աշխատել՝ շուկայական գնից մի քանի անգամ ցածր գնահատելով մեր բնակարանները: Ոստիկանությունը գործին ընթացք է տվել»:

Պուշկին 4 տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանն էլ ասաց, որ Փորձաքննության ազգային բյուրոն իր տունը գնահատել է ավելի քան 300 հազար դոլար, իսկ «Local developers» ընկերության ղեկավար Մայրապետյանն իրեն առաջարկում է միայն 200 հազար դոլար՝ տան ու հողատարածքի համար. «Հետագայում, երբ պահանջեցի իրենցից փորձաքննության արդյունքը, վերջում ավելացրել են մի տողով, որ հողի գինը տան արժեքի մեջ է մտնում: Առաջին քրեական գործը հարուցվեց, քրեական գործի ընթացքում պարզվեց, որ հողս չեն գնահատել: Մի ուրիշ խարդախություն էլ էին թույլ տվել՝ չորս համասեփականատիրոջ փոխարեն գրել էին յոթ համասեփականատեր, միանգամից բաժանեք, արդյունքը տեսեք, այս հանգամանքն էլ ի հայտ եկավ: Քրեական գործում ակնհայտ երեւաց՝ Մայրապետյանի ու իր հանցավոր կլանը, որի ղեկավարը Քոչարյանն է ու Արմենչիկը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը»:

Նա ասաց, որ մեկ ամիս առաջ ինքը ճանաչվեց տուժող:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031