Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք թույլ չենք տալիս, որ աղքատները հարուստների համար պահեստամասեր դառնան»

Հոկտեմբեր 09,2015 13:11

«Մեր եւ ձեր իրականությունները նույնն են, ուստի միեւնույն դժվարությունները պիտի հաղթահարենք, քան եվրոպականները»,- ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով լսումների ժամանակ ասաց Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Միտրա Մահդավի-Մազդեհը:

Մինչ իրանական փորձը ներկայացնելը, իրանցի պրոֆեսորը նկատեց, որ փոխպատվաստման բացասական ասպեկտը կա`նվիրատվության փոխհատուցումը ու հռետորական հարց հնչեցրեց` արդյոք ստացվում է, որ աղքատների մարմինները պահեստամասեր են հարուստ «միջազգայինների» համար: «Մենք թույլ չենք տալիս, որ աղքատները հարուստների համար պահեստամասեր դառնան: Դրամական նվիրատվությունների մասով էլ, եթե պետությունը, ապահովագրական ընկերությունը եւ մյուսներն ունեն իրենց բաժինն, ինչո՞ւ դոնորը չունենա իրենը, եթե մարդը հաշմանդամ է դառնում: Դոնորներին արտոնություններ տրվեցին`իրենց ընտանիքի անդամների առողջության հարցերում, բուհ-ընդունվելու եւ այլն»:

Ամեն տարի Իրանում 2000 փոխպատվաստում է լինում: Հատուկ ընթացակարգեր կան, երբ դոնորը արյունակից չէ: Այնուհանդերձ, ըստ վերջերս անցկացված ուսումնասիրությունների, Իրանում դոնորների 60 տոկոսն աղքատ խավի է պատկանում: Դոնորների 50 տոկոսը չի էլ ցանկանում իմանալ, թե ի՞նչ բարդություններ կունենա օրգանը տրամադրելուց հետո:

Տիկինը խոսեց «համակարգի սեւ շուկայից»: Օրինակ բերեց Ֆիլիպինները ու նկատեց, որ երբ այնտեղ արգելվեց փոխպատվաստումը, հարուստ միջազգային ռեզիդենտները սկսեցին Հնդկաստանում փոխպատվաստումներ անել: Երբ Հնդկաստանում էլ արգելվեց, «միջազգային» հարուստ դոնորները նավերի վրա են իրականացնում փոխպատվաստումները: Այս ամենից խուսափելու համար, տիկինը հորդորեց. «Ցանկացած երկիր իր ծրագիրը մշակելիս, պետք է ուշադրություն դարձնի, որ դոնորն ու ռեզիդենտը լինեն նույն երկրի քաղաքացի»: Իրանում հենց այդպես էլ արվում է: Դոնորը եւ ստացողը պետք է լինեն Իրանի քաղաքացի: Այլ պետության քաղաքացին չի կարող Իրանում փոխպատվաստում ստանալ:

Իրանի առողջապահական ծախսերը ՀՆԱ-ի վեց տոկոսից պակաս են, թեպետ նավթարդյունահանող երկիր է: Գրագիտության մակարդակը 85 տոկոսից բարձր է: Իրանն ունի բացարձակ էթնիկական կազմ: Իրանում դիալեզ չի եղել: «1967 թվականին շատ քիչ ունեինք փոխպատվաստման դեպքեր»,- պատմեց իրանցի պրոֆեսորը`հավելելով, որ 1979 թվականի հեղափոխությունից հետո, փոխպատվաստումների պահանջարկը մեծացել է եւ երկու թիմ է նախապատրաստվել: 1988-ի հաջողություններից հետո կառավարությունն է սկսել ծրագիրը ֆինանսավորել: Մեծ հակաքարոզչություն է եղել, բայց նաեւ պահանջարկն էր մեծանում: 1997-ից Իրանում ընդունվել է ակտ`«Նվեր հանուն այլասիրության»: 1999-ին դոնոր հերթագրվածների ցուցակը վերացվում է եւ ցանկացած մեկն՝ ով ուզում է դոնոր լինել, պիտի իր հարազատներին դիմի: 2011-ից սկսած դոնորը կառավարությունից ստանում է բժշկական փոխհատուցում, հիվանդանոցային ծախսերի փոխհատուցում, մնացած ծախսերը ռեզիդենտն է հոգում: Այժմ Իրանի տարբեր նահանգներում փոխպատվաստման 13 կենտրոն կա: Բավական առաջընթաց կա հանրության իրազեկման եւ կրթման հարցերում:

Իրանում երկար պայքար է գնացել կենդանի դոնորներից օրգաններ վերցնելու համար, բայց կառավարությունն ի վերջո, 2013-ին որոշել է չարգելել դա: Իրանում 43,8 տոկոս են կազմում մահացածներից վերցված օրգանների փոխպատվաստումները:

«Մարդուն մահացած հայտարարելու համար պետք է հինգ բժշկի ստորագրություն: Մեզ մոտ դեռ հավատում են հրաշքների: Պետք է համոզել նաեւ ընտանիքի անդամներին, որ մահացածին օրգաններ պետք չեն»,- ասաց իրանցի պրոֆեսորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031