Լրահոս
Օրվա լրահոսը

Կակտիվանա նաեւ «Այո-ի» ճակատը, կքարոզի սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հոկտեմբեր 09,2015 12:54

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ամփոփում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը ու վստահեցնում, որ քննարկումներն անցկացվել են թափանցիկ փուլերով, մասնակցությունը եղել է լայն, մասնակցել են ե՛ւ քաղաքացիական հասարակության ե՛ւ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց առաջարկներով:

Նա այսօր «Փաստարկ» ակումբում նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցեցին նույնիսկ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կտրականապես դեմ էին եւ արձանագրեց, որ արդեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկության ժամանակ չկար մի խմբակցություն, որի անդամները միահամուռ դեմ քվեարկած լինեն:

Պարոն Մինասյանը հիշեցրեց, որ հանրաքվեն դեկտեմբերի 6-ին է, ապա ասաց, որ սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը շատ լավն է:

Նա թվարկեց իր արձանագրած դրական փոփոխությունները, որոնք ըստ Գագիկ Մինասյանի, փարատում են նաեւ քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի ներկայացուցիչների մտահոգությունները. «Ամենաէականն ԱԺ ձեւավորման ընթացակարգի փոփոխությունն է, Սահմանադրության 89 հոդվածը:

Վերջնական տարբերակում արձանագրվում է ,որ եթե առաջին փուլի արդյունքում որեւէ քաղաքական ուժ չի հավաքում կայուն մեծամասնության համար անհրաժեշտ ձայներ, ապա այդ ձայները կարող են հավաքել՝ գնալով քաղաքական կոալիցիաների ստեղծման, սա չափազանց կարեւոր դրույթ է: Ըստ էության, երկրորդ փուլի գոյությունը ոչ թե օրինաչափություն, այլ բացառություն է դառնում: Ընտրական օրենսգիրքը կարող է նախատեսել նաեւ, որ երկրորդ փուլին կարող են մասնակցել ԱԺ-ում հայտնված կուսակցությունները՝ կազմելով դաշինքներ: Այս պարագայում, եթե քաղաքական մեծամասնությունը փորձի չգնալ կոալիցիայի, ապա պետք է իր առջեւ ունենա այն իրողությունը, որ այդ կոալիցիայի մեջ չընդգրկված քաղաքական ուժերը կարող են ստեղծել դաշինքներ ու կարող են գնալ երկրորդ փուլ ու հաղթել: Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ այլեւս համամասնական ընտրակարգն է գործելու ԱԺ ընտրություններում, մինչեւ այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին որեւէ ուժ չի կարողացել խորհրդարանի հիսուն տոկոսը հավաքել համամասնական ընտրակարգով»:

Պատգամավորը նախագծում կարեւոր ու դրական փոփոխություն համարեց նաեւ նախագահի ընտրության դրույթի փոփոխությունը, այն, որ այժմ առաջարկվում է նախագահին ընտրել ոչ թե ընտրիչների, այլ խորհրդարանի կողմից:

Անդրադառնալով «Ոչ-ի» շարժմանն ու հանրահավաքներին, Գագիկ Մինասյանն ասաց, որ նորմալ է վերաբերում այդ շարժման գործունեությանը ու չբացառեց, որ «Այո-ի» ճակատը նույնպես հանրահավաքներ անի ու առավել ավելի նպատակահարմար ճանապարհով օգտագործի բոլոր հնարավորությունները, որոնք կնպաստեն սահմանադրական փոփոխությունների մասին հասարակության լայն շերտերի տեղեկացվածությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031