Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը քվեարկություն կազմակերպեց ասուլիսի ժամանակ. Լրագրողներն աղմուկ բարձրացրին

Հոկտեմբեր 09,2015 12:43

«Դաշնակցությունը խորհրդարանական հանրապետությունը վերածելով դիկտատուրայի՝  մի անգամ կործանեց հայոց պետականությունը, գիտես ինչու, հիմա նորից կառչում է այդ նույն կառավարման մոդելին: Մեկին ծեծելով, մեկին կաշառելով, ինչ-ինչ քաղաքական հեռանկարներով հիմա բերել են այս ճամբար: Հակառակ ճակատում՝ բարիկադի մյուս կողմում, բացի ոչ-ի ճակատից, գտնվում է մեր ամբողջ հանրությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, փաստաբանները, անգամ բնապահպանները Սահմանադրական փոփոխություններին դեմ են, որեւէ աջակցություն հանրության մեջ այդ նախաձեռնությունը չունի:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ընտրարշավների կազմակերպման փորձ ունեն եւ հիմա բանակցություններ կսկսեն «ոչ»-ի ճակատի այլ քաղաքական ուժերի հետ՝ ռեսուրսների միավորման համար:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ոչ է ասել, հնարավո՞ր է միավորվեք՝ նա ասաց, որ դա իշխանության կողմից է ներդրված, որ «ոչ»-ի ճակատում այս առնչությամբ սկսեն խայթոցներ իրար նկատմամբ. «Ռոբերտ Քոչարյանն այսօր չկա քաղաքական դաշտում որպես գործոն եւ քաղաքական ուժ: Այսօր քաղաքական դաշտում կա իշխանությունը եւ «ոչ»-ի ճակատը, ուրիշ ոչ մեկը չկա»:

«Մի բան հարցնեմ՝ ո՞վ է ձեզանից կողմ, որ այս Սահմանադրական փոփոխությունները անցնեն: Խնդրում եմ ձեռք բարձրացրեք, ով է կողմ»,- այսպես Լեւոն Զուրաբյանը փորձեց քվեարկություն անցկացնել ասուլիսին ներկա լրագրողների շրջանում:

Լրագրողները աղմուկ բարձրացրեցին՝ մեզ մանիպուլյացիայի մի ենթարկենք, մենք այստեղ ենք ձեր դիրքորոշումն իմանալու: Լրագրողներից մեկը ձեռք բարձրացրեց, որ դեմ է, մյուսներն ասացին, որ գաղտնիք է:

Զուրաբյանն ասաց, որ հանրության շրջանում այսպես հարցումներ է անում եւ արձանագրում, որ իրականում ոչ ոք կողմ չէ. «Արձանագրենք, որ ոչ մեկը այս դահլիճում կողմի համար ձեռք չբարձրացրեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031