Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ հետեւանք կարող է ունենալ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով պատրաստվող ԵԽԽՎ զեկույցը։
– Տիկին Նաղդալյան, հայկական պատվիրակությունը ի սկզբանե բոյկոտ հայտարարեց «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով պատրաստվելիք զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերին եւ մտադրություն չկար նրան ընդունել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, այնինչ, անցյալ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նիստից հետո դուք այստեղ հայտարարեցիք, թե ԼՂ-ն պետք է ներգրավված լինի զեկույցի պատրաստման աշխատանքներում։ Ինչպե՞ս հասկանանք սա։
– Իմ արտահայտությունը ԼՂ վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե այս զեկույցի կոնտեքստում, այլ ընդհանրապես ԵԽԽՎ-ի վարած քաղաքականության կոնտեքստում։
Երբ ԵԽԽՎ մեր լիդերները ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ժողովրդավարության իմաստով Եվրոպայի քարտեզի վրա սեւ կետեր չպիտի լինեն, մեր պահանջը ԵԽԽՎ-ից նախեւառաջ այն է, որ ԼՂ-ն պիտի մտնի այդպիսի համագործակցության մեջ, եւ ԵԽԽՎ-ն մինչեւ այսպիսի զեկույց պատրաստելը պիտի փորձի գնալ ուղիղ կոնտակտների։ Ճիշտ է, երկիրը ճանաչված չէ, գնում են ՄԽ բանակցությունները, բայց այդտեղ մարդիկ են ապրում, իսկ ԵԽ մանդատը բոլորովին էլ կոնֆլիկտի կարգավորումը չէ:
Կարդացեք նաև
Մենք մերժողական ենք վերաբերվում, ելնելով այն իրավիճակից, որ առկա է ԵԽԽՎ-ում, երբ 10 տարին մեկ ԵԽ-ն անդրադառնում է Ղարաբաղին եւ մի հերթապահ զեկույց գրում։
Ես այնտեղ էլ իմ ելույթում ասել եմ, որ մենք շատ լավ գիտենք, թե որն է ԵԽԽՎ մանդատը, շատ լավ գիտենք՝ հայ-ադրբեջանական այս վատ հարաբերությունների արմատը որն է, որտեղից է գալիս, եւ կարգավորումը ինչպես կարող է լինել։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս կազմակերպությունը դարձել կոնֆրոնտացիայի դաշտ եւ ամեն նստաշրջանի ժամանակ սրացումներ են լինում, տարբեր տեսակի մեղադրանքներ:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում