Մինչ Ազգային ժողովի հերթական նստաշրջանում բուռն բանավեճ էր ծավալվել Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա ծրագրի վերաբերյալ՝ անցած օրը ԿԲ-ն հրապարակեց մեկ այլ փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես է վերջինիս հաջողվել համեմատաբար կայուն պահել Հայաստանի արժութային շուկան, չնայած ձեւավորված բացասական սպասումներին։
Դրա համար Կենտրոնական բանկը ստիպված է եղել արտաքին պահուստների հաշվին վճարել բավական մեծ գումար։ Խոսքը 222 մլն դոլարի մասին է։ Այլ կերպ ասած, ճիշտ այդքան է եղել տարեսկզբի ութ ամիսներին արժութային շուկան ցնցումներից զերծ պահելու գինը։
Տարեսկզբի ութ ամիսներին Կենտրոնական բանկը տարբեր ճանապարհներով ֆինանսական համակարգ է ներարկել ավելի քան 272 մլն դոլար։ Սա գրեթե կրկնակի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
2014թ. առաջին ութ ամիսներին ԿԲ-ն հասցրել էր շուկայի արտարժութային պահանջարկը հագեցնելու համար ծախսել 142 մլն դոլար։ Իհարկե, անցած տարի Կենտրոնական բանկի ներարկումները կտրուկ ավելացան հետագա ամիսներին։
Կարդացեք նաև
Արժութային շուկայում լարվածություն սկսեց նկատվել սեպտեմբերից, որը աստիճանաբար խորացավ եւ գագաթնակետին հասավ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին։ Արժութային ինտերվենցիաների միջոցով իրավիճակի վրա ազդելու ԿԲ փորձերը հիմնականում որեւէ արդյունք չտվեցին։ Չնայած այդ ընթացքում արտաքին պահուստների հաշվին վաճառվեց մի քանի հարյուր միլիոն դոլար։
Իրականացված 272 մլն դոլար ներարկումների շնորհիվ Հայաստանի արժութային շուկան այս տարի հիմնականում պահպանել է հարաբերական կայունությունը։ Որքան էլ առկա է փոխարժեքների տատանողականության ակտիվացում, այնուհանդերձ այն հիմնականում կտրուկ եւ էական դրսեւորումներ չի ցուցաբերել։ Պարզապես ժամանակ առ ժամանակ տարադրամի նկատմամբ ազգային արժույթը ուժեղացել կամ թուլացել է։
Կենտրոնական բանկը ակտիվ է եղել հատկապես հունվար-փետրվար եւ օգոստոս ամիսներին։ Տարեսկզբի միայն առաջին ամսում, երբ շուկայում պահպանվում էին նախորդ տարեվերջից թելադրված սպասումները, վաճառվել է գրեթե 85 մլն դոլար։ Փետրվարին թեեւ տարադրամային միջոցների ներարկումների ծավալը մի փոքր կրճատվել է, այնուհանդերձ այն շարունակել է պահպանել շուկայի համար բավական բարձր մակարդակը։ Այդ ամսին վաճառված տարադրամի զանգվածը հասել է 56 մլն դոլարի։
Տարադրամի պահանջարկի բավարարմանն ուղղված միջամտություններ են եղել նաեւ հետագայում, բայց ավելի փոքր ծավալով։ Մասնավորապես մարտին վաճառվել է գրեթե 19 միլիոն, իսկ մայիսին՝ 15 մլն դոլար։
Տարվա ընթացքում տարադրամի ռեկորդային ներարկում է կատարվել օգոստոսին։ Այդ ամսին Կենտրոնական բանկը իրացրել է 95 մլն դոլար։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում