Վերջերս մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ մեր կայքը, նյութ հրապարակեցին Վիկտոր Համբարձումյանի վերաբերյալ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մի հուշի մասին, որը նա լրագրողների հետ զրույցում պատմեց իր վերջին ասուլիսից հետո: Խոսքն այն մասին էր, որ աշխարհահռչակ գիտնականը չափազանց համեստ անձնավորություն էր եւ պատրաստ էր ղարաբաղյան պատերազմի տարիներին բոլորիս նման դիմանալ «մթին եւ ցրտին»: Այդ նյութը մասամբ բացասական արձագանք գտավ ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չէին գնահատում մեծ աստղաֆիզիկոսի արժանիքները, այլ… որովհետեւ պատմությունը ներկայացրել է Վահան Շիրխանյանը: Ոմանք նույնիսկ ենթադրեցին, որ Կրեմլի ինչ-որ «մութ ուժեր» հրահանգում են հայաստանյան լրատվամիջոցներին հարցազրույց վերցնել Շիրխանյանից: Այսպիսով գիտնականի մասին բարի եւ ինչ-որ տեղ ուսանելի պատմությունը դարձավ «չար պատմություն»:
Շիրխանյանի քաղաքական հայացքները ես չեմ կիսում՝ չեմ կարծում, որ պետք է արդարացնել Ռուսաստանի բոլոր քայլերը՝ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք ակնհայտորեն հակասում են մեր երկրի շահերին: Ճիշտ նույն ձեւով չեմ կիսում այն տեսակետները, թե Միացյալ Նահանգները բոլոր հարցերում (օրինակ՝ Սիրիայի հարցում) ճիշտ է: Բայց այդ ամենը կապ չունի ներկայացված պատմության հետ, որին պետք է մոտենալ զուտ մարդկային չափանիշներով, ոչ թե քաղաքական-գաղափարախոսական կաղապարներով:
Ես որպես քաղաքացի դեմ եմ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ինձ թվում է, որ ոչ մի կտրուկ փոփոխություն մեզ հիմա օգուտ չի բերի: Բայց ես հավասարապես ջերմորեն եմ վերաբերվում թե՛ «այո», թե՛ «ոչ» ասողներին, որովհետեւ դա չի կարող որեւէ հարցում մարդկային մոտեցումների չափանիշ լինել: Ոչ էլ, առավել եւս, շանտաժի առիթ՝ եթե այսպես ես մտածում, ուրեմն, դու… եւ գնում է ինչ-որ մի կաղապարված ընդհանրացում:
Իհարկե, ավելի հեշտ է ապրել ընդհանրացումներով՝ սեւամորթներ, թուրքեր, պուտինիստներ, միասեռականներ, ակնոցավորներ, քոչարյանականներ եւ այլն: Այլեւս մտքիդ զոռ չես տալիս՝ հասկանալու եւ գնահատական տալու առանձին մարդկանց: Բայց այդպիսի մոտեցումների դեպքում կյանքը չափազանց աղքատիկ է դառնում: Աղքատիկ է դառնում նաեւ այդպես մտածողների ներաշխարհը:
…Էլինար Վարդանյանը դրական, պարկեշտ անձնավորություն է: Եթե նույնիսկ քոչարյանական է: Լավ արվեստագետ եւ լավ քաղաքացի Դավիթ Ամալյանի ազգանունն էլ ինձ մոտ բացասական ասոցիացիաներ չի առաջացնում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
լավ քաղաքացի Դավիթ Ամալյանի ազգանունն էլ ինձ մոտ բացասական ասոցիացիաներ չի առաջացնում
երանի Ձեզ: Ես նման մարդկանցից մենակ տհաճություն զգացողություն եմ ունենում…..ուրիշ բան չասեմ, թե չէ չեք տպի….
Համաձայն եմ Տիգրանի ասածին. Ամալյանի նմանները խաչնդոտում են ժողովրդավարության առաջընթացը Հայաստանում. Նա երևի պետք է հրաժարվել նոր դերից:
Զարմանալի է, որ հոդվածի հեղինակը, որը Ա1-ի պաշտպաններից է, նման բան է գրում: Եվ որևէ ընդանրացում այս դեպքում չկա: Խոսքը մեկ մարդու մասին է, որը խանգարեց Ա1- կայացմանը:
Խոսքը նոր ԳԼԱՎԼԻՏԻ դերի մասին:
Տեր Աստված, Դուք եւ Տիգրանը, հավանաբար, նկատի ունեք ՀՌԱՀ նախկին նախագահ ԳՐԻԳՈՐ Ամալյանի մասին, իսկ ես գրում եմ երգիչ եւ կոմպազիտոր ԴԱՎԻԹ Ամալյանին, որն, իմ կարծիքով, ազնիվ քաղաքացիական դիրքորոշում ունի: Գրածս այն էր, որ թեեւ Դավիթը կրում է «Ա1+»-ի փակողի ազգանունը, իմ զգացմունքները այդ պաշտոնյայի հանդեպ չեն տարածվում երգչի վրա:
Ներիր, Արամ, թյուրիմացություն էր:
Բան չկա