Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե Գալուստ Սահակյանը նման կարգադրություն է տվել, ապա շտապ պետք է այն չեղյալ հայտարարվի»

Հոկտեմբեր 09,2015 15:00

Այն պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի լուրջ խոչընդոտներ

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը օրերս տեղեկացրեց, որ մեկ օր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոր կարգադրություն է տվել. «Պատգամավորներն իրավունք չունեն հանդիպել լրագրողների հետ նիստերի օրերին, եթե նա թույլ չի տվել»: Պատգամավորը հեգնեց՝ իբր 400 տեսախցիկները քիչ էին, հիմա էլ Գալուստ Սահակյանն իրեն իրավունք չի տալու, որ մարդ հրավիրի հարցազրույցի՝ առանց իր թույլտվության: ՀԱԿ պատգամավորը սա որակում է որպես «տոտալ վերահսկողություն» ու մտահոգություն հայտնում. «4 հոգի ստորագրություն են տալու, որպեսզի մի ժուռնալիստ մտնի խորհրդարան՝ ինձանից հարցազրույց վերցնելու՝ Գալուստ Սահակյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար, լրատվության բաժնի պետ, անվտանգության պետ»:

Այս մտահոգությունը պատգամավորի կողմից բարձրաձայնելուց հետո ֆեյսբուքում գրառմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Նա տեղեկացրեց, թե ԱԺ-ում անցագրեր տրամադրելու եւ քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որեւէ փոփոխություն չի կատարվել, եւ վստահեցրեց, որ Արամ Մանուկյանը տարածում է իրականությունից հեռու տեղեկություն:

Չնայած այս պարզաբանմանը՝ Արամ Մանուկյանի բարձրացրած մտահոգությունը իրարանցում է առաջացրել լրագրողների շրջանում:

Լրագրողները մտահոգված են, որ օրեցօր նորանոր սահմանափակումներ ու խոչընդոտներ են ստեղծվում իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:

«Առավոտը» Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեց՝ եթե այսպիսի կարգադրություն է տրվել ՀՀ ԱԺ նախագահի կողմից, ապա դա չի՞ խոչընդոտում տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքին: Տիկին Դոյդոյանը պատասխանեց. «Տեղեկատվության ազատության տեսանկյունից դա անընդունելի է, քանի որ պատգամավորն ինքը ժողովրդի ընտրյալն է, ժողովրդի անունից ընտրվել է, եւ նա առավելագույնս պետք է մոտ լինի ժողովրդին: Եվ միջնորդը նաեւ լրագրողներն են, որ պատգամավորի խոսքը հասցնեն առաջին հերթին ընտրողին: Իսկ որ նրանց շփումը լինի միջնորդավորված, դա անընդունելի է: Դա տոտալ վերահսկողություն է, եւ չեմ պատկերացնում, թե ոնց է իրականացվելու»: Շուշան Դոյդոյանը փաստեց, որ ԱԺ-ն ընտրովի մարմին է եւ պետք է հաշվետու լինի հանրությանը, այդ դեպքում ի՞նչ թույլտվություն, ի՞նչ միջնորդություն:

Տիկին Դոյդոյանը այս առիթով նշեց. «Պատգամավորն ընտրված է ժողովրդի կողմից եւ ժողովրդի անունից հանդես եկողն է: ԱԺ-ն նշանակված վարչական մարմին չէ: Ուստի անկախ նրանից, թե ով կլինի ԱԺ նախագահը, աշխատակազմի ղեկավարը, պատգամավորն ընտրվում է ժողովրդի կողմից եւ ժողովրդի ձայնն է ԱԺ-ում եւ առանց միջնորդի շփման մեջ պետք է լինի ժողովրդի, նաեւ լրագրողների հետ: ԱԺ պարագայում դա անընդունելի է, քանի որ պետական կառավարման մարմինների դեպքում դա հասկանալի է եւ բացառապես պետք է բացարձակ թափանցիկ մարմին լինի»:

Շուշան Դոյդոյանը հիշեցնում է, թե «Արամ Մանուկյանին չի նշանակել Գալուստ Սահակյանը, նրան ընտրել է ժողովուրդը՝ իր հայեցողությամբ»: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում այս առիթով փոխանցեց. «Եթե Գալուստ Սահակյանն իսկապես այդպիսի հրաման է արձակել, ապա ես կարծում եմ, որ խորհրդարանի ղեկավարը մոռացել է կամ շփոթության մեջ է ընկել եւ մոռացել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը եւ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Որեւէ կերպ խորհրդարանի նախագահը իրավունք չունի սահմանափակելու պատգամավորի գործողությունները եւ նրա շփումները լրագրողների հետ: Մյուս կողմից՝ լրագրողների համար նոր սահմանափակումներ չեն կարող լինել՝ բացառությամբ նրա, ինչ նախատեսված է օրենսդրությամբ, լրագրողների հավատարմագրման կարգով: Իսկ այն, ինչ հրապարակել է Արամ Մանուկյանը, դա հակասում է ե՛ւ Սահմանադրությանը, ե՛ւ ԶԼՄ-ների մասին օրենքին, ե՛ւ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին: Եթե Գալուստ Սահակյանը նման կարգադրություն է տվել, ապա շտապ պետք է այն չեղյալ հայտարարվի»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031