Փիար մասնագետը՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական քայլերի մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը նորից թարմացրեց նրա քաղաքական վերադարձի մասին խոսակցությունները, շատերը ենթադրություններ են անում նրա քայլերի եւ ասածների վերաբերյալ: Փիար մասնագետ Հայկ Կիրակոսյանը «Առավոտի» հետ զրույցում վերլուծել է երկրորդ նախագահի եւ նրա փիար թիմի քայլերը:
«Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահի կողմից կոշտ արտահայտվելը, ի թիվս այլ նպատակների, մի թաքնված միտում ունի, եւ դա ակնհայտ է դառնում, երբ համադրում ենք Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկի հետ՝ «Ես գիտեմ, թե ով է Հայաստանի հաջորդ ղեկավարը». հիմա, ի թիվս այլ թեկնածուների, սլաքը թեքվում է նաեւ դեպի Ռոբերտ Քոչարյանը: Սա շատ լավ մանյովր է փիարի տեսակետից՝ սլաքները հակառակ ուղղությամբ պտտեցնելու: Ընդդիմություն խաղալը, ժամանակ առ ժամանակ, անգամ եթե դու «աղվես ու պոչ» կարգավիճակում ես, ընդհանրապես խնդիր չի առաջացնում: Ընդունված պրակտիկա է աշխարհում»,- ասում է մեր զրուցակիցը:
Նա նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը խաղում է մարդկանց ծանր ապրումների հետ՝ խոսելով այսօրվա անարդարություններից: «Չգիտես ինչու, մարդկանց մոտ տպավորվել է, որ այն ժամանակ ավելի լավ էր, քան հիմա: Ընդհանրապես մարդիկ անցյալը ավելի հեշտ են մոռանում, քանի որ այդ դժվարություններն արդեն անցյալում են՝ ե՛ւ ծեծկռտուքները, ե՛ւ սպանությունները, ե՛ւ բիզնես խլելը, եւ մնացած ամեն ինչը: Ու ներկան, իհարկե՝ կախված մարդու աշխարհընկալումից, ավելի ցավոտ են տանում, իսկ ապագայի հետ էլ հույսեր կապելը պայմանավորված է նոստալգիայով, որի մեջ ցավը չկա»:
Կարդացեք նաև
Փիար մասնագետը նկատում է՝ որոշակի կոպիտ սխալներով, այնուամենայնիվ՝ երկրորդ նախագահի հետ աշխատողները կարողանում են դրական տպավորություններ ստեղծել նրա անձի շուրջ. «Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական կայքում կարող ենք կարդալ՝ «Գրքեր, որ այս տարիների ընթացքում կարդացել է Ռոբերտ Քոչարյանը», «20 ֆիլմ, որ դիտել է Ռոբերտ Քոչարյանը» եւ այլ վերնագրերով նյութեր, հետաքրքիր լուսանկարներ ընտանեկան կյանքից եւ այլն: Սա հայտնի տեխնոլոգիա է, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է այդպես արել. որոշ ժամանակ իջնել ընդհատակ, ինչ կխոսեն՝ էական չէ, մարդիկ կմոռանան նրանց արածը կամ անունը, եւ իրենք նորից կվերադառնան»: Ըստ մեր զրուցակցի՝ արդեն քաղաքական վերադարձի շեմին Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է երկրում եղած կարեւոր խնդիրներին: Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելն էլ Հայկ Կիրակոսյանը տրամաբանական է համարում. «Շատ-շատ տրամաբանական է դա, եթե անգամ ինքն այդ ամեն ինչի համահեղինակներից է: Եթե ինքը կողմ արտահայտվեր այս ամեն ինչին, ուղղակի խաչ կքաշեր ե՛ւ իր, ե՛ւ իր փիար թիմի կատարած աշխատանքների վրա»,- ասում է պարոն Կիրակոսյանը: Նա կարծում է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի անունը թեկնածուների ցուցակում կտեսնենք:
Մեր դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական բարեփոխումներից հետո Ռոբերտ Քոչարյանին կգրավի՞ նախագահի աթոռը, եթե այդ պաշտոնը զբաղեցնողի ձեռքում չի լինելու երկրի կառավարումը, իշխանությունը, պարոն Կիրակոսյանը պատասխանում է. «Մեր Սահմանադրությունը, որը հիմա ցանկանում են փոխել, թույլ չէր տալիս, որ օրինակ՝ շատ բաներ վաճառեն, շատ մարզպետների տղաների ազատության մեջ թողնեն, ժողովրդին այդ վիճակի մեջ դնեն: Այստեղ օրենքի աշխատել ու չաշխատելու հարցն է: Մեզ մոտ դժվար ստացվի այն, ինչը որ Անգլիայի թագուհու պարագայում է: Հավանական է, որ այդ տեսքով հայտնվող ղեկավարը կարողանա մեկ այլ բարեփոխում անել, իր դիրքերն ամրապնդել: Ամեն դեպքում ակնհայտ է, որ բարձրագույն իշխանության ձգտողները փորձելու են գտնվել այն տեղերում, որտեղ իշխանությունն է. եթե նախագահ չլինի, վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ կլինի, փորձ է արվելու հենց այդ պաշտոնը զբաղեցնել»:
Հայկ Կիրակոսյանը նկատում է, որ երկրորդ նախագահն արդեն սկսել է նախագահական ընտրությունների քարոզարշավին պատրաստվելը: Տեսանելի համագործակցություններին եւ ուժեր ստեղծելուն զուգընթաց, ըստ փիար մասնագետի, անցկացվում են կուլիսային, թաքնված բանակցություններ: «Չի բացառվում, որ հիմա համախմբվել եւ Ռոբերտ Քոչարյանին են սպասում ե՛ւ Գալուստ Սահակյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ ուժային կառույցները, որոնք այս պահին Հանրապետական են խաղում կամ կանգնած են Սերժ Սարգսյանի կողքին: Այդ միանալը միայն թուղթ ու գրիչով, նկարվելով չի լինում, եւ դրանք ավելի վտանգավոր դաշինքներ են, որոնք ի ցույց չեն դրվում,- ասում է Հայկ Կիրակոսյանը եւ ավելացնում, որ չնայած այս ամենին՝ հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից որպես մենակ քաղաքական գործիչ հանդես գա:- Պարոն Քոչարյանը մենակ քաղաքական գործիչ է դրսեւորվել, անկուսակցական, եւ ոչինչ չի խանգարում, որ իմիջի համար պահի այդ պատկերը: Առանձնապես ոչինչ չի կորցնում, եթե այդ տեսքով մտնի դաշտ, բայց, իհարկե, նորից մեծ գումարներ պետք է դրվեն, խոստումներ պետք է տրվեն: 2018-ին մնում է երկու տարի, եւ արդեն քարոզարշավը սկսվում է. առաջին մեսիջը սահմանադրական բարեփոխումներն են, որոնք նախեւառաջ ընտրական, քաղաքական նպատակներ են հետապնդում, հետո նոր ազգային կամ պետական»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10..2015