Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Քոչարյանը «զենքերը» վայր դրեց

Հոկտեմբեր 09,2015 12:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սպասված «հարցազրույցը», որը դժվար է հարցազրույց համարել, վերջապես հրապարակվեց:

Որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, դա պարզ էր վաղուց եւ բոլորին: Նրա արտահայտած դիրքորոշմանն արդեն տեւական ժամանակ հանրությունը ծանոթ է ՀԱԿ-ի, մի շարք քաղաքագետ-փորձագետների ու ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի գովքից սահուն դեպի Քոչարյանի քարոզչության անցում կատարած մի քանի կայքերի «վերլուծություններից»:

Տեւական ժամանակ է, ինչ մեր հանրությանն այս գծի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ԽՍՀՄ կարգերը կվերադառնան, եթե սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն: Այսքանը պարզ է:

Նախ՝ զավեշտի ժանրից է փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է գալիս «չարիքի», «լճացման աղբյուրի», «արատավոր համակարգի վերարտադրման գործիքների», «մենաշնորհների», «մեկ կուսակցության գերակայության» մասին ձեւակերպումներով: Քոչարյանի հավանած Սահմանադրության պայմաններում նրա իշխանությունը իսկապես չարիք է եղել Հայաստանի հասարակության համար, իսկ Քոչարյանի օրոք արված սահմանադրական փոփոխություններն էլ իր իշխանավարման տարիներին չարիք էին գնահատվում այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից ու հիմնավորվում:

Որեւէ մեկը մեր օրերում չի կարող հավատալ, որ Քոչարյանն օր ու գիշեր սկսել է մտածել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, տնտեսական մենաշնորհների վերացման, մամուլի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին, որովհետեւ նա տասը տարի անընդմեջ ցույց է տվել, թե ինչպես է պայքարել այդ սկզբունքների դեմ. նախագահական երկու ընտրություններում կեղծիքներով իշխանության զավթում, Հոկտեմբերի 27, բարձրաստիճան պաշտոնյաների եւ Պողոս Պողոսյանի սպանություններ, մամուլի դեմ ոտնձգություններ եւ վերջապես՝ Մարտի 1:

Քոչարյանն այսօր դժգոհ է, որովհետեւ գործող Սահմանադրությամբ` նախագահի լիազորություններով նա այլեւս նախագահ չի կարող դառնալ, հետեւաբար նրան հասկանալ կարելի է:

Բայց Քոչարյանի «վճռական» խոսքն առավելապես հետաքրքրում էր քաղաքական ու լրագրողական շրջանակներին մեկ այլ կտրվածքով` այս փուլում մտնելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն, «Ոչ»-ի պայքարն առաջնորդելո՞ւ է:
Քոչարյանի ներկայացրած տեքստից պարզ է դառնում, որ նա այս փուլում ակտիվ քաղաքական գործողությունների չի գնալու կամ ավելի ճիշտ` չի կարող գնալ, ինչը եւս բնական է:

Ո՞ր քաղաքական ուժերի ու անձանց վրա հիմնվելով պետք է Քոչարյանը դուրս գար հանրության առջեւ ու կանգներ Ազատության հրապարակում. Վարդան Օսկանյանի գլխավորությամբ մի քանի ԲՀԿ-ականների՞, Գառնիկ Իսագուլյանի՞, Արամ Հարությունյանի՞, Հմայակ Հովհաննիսյանի՞ հետ: Կամ գուցե` ՀԱԿ-ի՞… Հաշվի առնելով Քոչարյանի վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ՝ ՀԱԿ-ի աջակցությունը Քոչարյանին բարդ է պատկերացնել, թեեւ ՀԱԿ-ի եւ Քոչարյանի պատկերացումները, դիրքորոշումը, սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու հիմնավորումները նույնական են:

Ունի՞ Քոչարյանը դրսի աջակցությունը` Հայաստանում ընդդիմադիր շարժում ղեկավարելու` ընդդեմ Սերժ Սարգսյանի: «Դուրս» ասելով, բնականաբար, պետք է նկատի ունենալ Պուտինի «դաբրոն»: Չունի, որքան էլ մի քանի տարի Կրեմլի միջանցքներին մոտ կանգնած «սուրհանդակներն» ամիսը մի քանի անգամ հարցազրույցներում մանրակրկիտ պատմում էին, թե ինչպես է Կրեմլը հոգնել Սերժ Սարգսյանի իշխանությունից, ինչպես է Մոսկվան երազում Հայաստանում «նորմալ» իշխանության հետ աշխատել եւ որքան մեծ հույսեր է կապում Հայաստանում ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դաշինքի հետ: Թե ինչով ավարտվեց այդ «հեքիաթը»՝ դրա մասին խոսելն արդեն ավելորդ է:

Քոչարյանի գնահատականին հաջորդեց նրա գրասենյակի ղեկավարի պարզաբանումը Yerevan.Today-ին: Այն, ինչ չէր ցանկացել կամ չէր համարձակվել իր «հարցազրույցում» ասել Ռոբերտ Քոչարյանը, ասաց Վիկտոր Սողոմոնյանը. «Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման եւ Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն եւ ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը»:

Եթե Քոչարյանն արձանագրում է, որ նոր Սահմանադրությունը նույնիսկ իրեն է հնարավորություն ընձեռում խորհրդարանական ընտրություններով ժողովրդի քվեն ստանալ ու ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը, ապա տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը պետք է ոչ թե դեմ լինի նման Սահմանադրությանը, այլ կողմ:

Եվ ամենակարեւորը՝ եթե Քոչարյանը համարում է, որ քաղաքական գործընթացներին նրա մասնակցությունը «ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը», ապա հարց է առաջանում` ինչո՞ւ նա չի մտնում ակտիվ քաղաքականություն մինչեւ սահմանադրական փոփոխություններն իրականացնելը, որպեսզի փրկի իր հավանած Սահմանադրությունը «չարիքի» տանող բարեփոխումներից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը` yerevan.today

«Առավոտ» օրաթերթ
08.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maga says:

    Էմմա Գաբրիելյան, դու էլ առնվազն 5 տարի Տեր-Պետրոսյան ու ՀԱԿ էիր գովում, իսկ հիմա Սերժիկին ես պաշտպանում նրանցից:

    • Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

      Սոնա Մելիքյան, 5 տարի չեմ պաշտպանել Տեր-Պետրոսյանին, այլ 13 տարի` 1998-ից մինչեւ 2011-ի աշուն, ու չեմ զղջում դրա համար երբեք: Սկսել եմ չպաշտպանել Տեր-Պետրոսյանին նրա` «քաղաքագիտական վերլուծությամբ» 2008-ի հզոր շարժումը ռեժիմի մաս` Քոչարյանի ստեղծած ԲՀԿ-ին ծառայեցնելու համար, իսկ թե ինչ ստացվեց այդ հզոր վերլուծությունից, տեսնում են բոլորը, բացի ՀԱԿ-ի շարքերից, որոնց նույնպես հասկանում եմ, նրանց ուսերին էլ բարդ գործ է դրված` «հուժկու» պատասխանել համացանցի մեկնաբանություններին, երբեմն էլ հոդվածներին: Հուսով եմ, ձեր անձնուրաց աշխատանքը ըստ արժանվույն գնահատվում է:

  2. Maga says:

    եթե ես ընդհանրապես չեմ աշխատում, ապա ինչպես կարող եմ անձնուրաց աշխատել եւ այն էլ գնահատանքի ակնկալիք ոնենալ:
    Ձեր մասով պարզապես փաստն արձանագրեցի: Ինչպես կասեր 13 տարի Ձեր կողմից պաշտպանված Տեր- Պետրոսյանը` ինչու եք ջղաձգվում:

    • Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

      🙂 «Ջղաձգվո՞ւմ»… Դեռ այդ ձախողված բառերը հարգի՞ են Սոնա ՀԱԿԿ-ում: Ժպտում եմ, պարզապես: «Ռեժիմը կազմաքանդելուց» ի՞նչ նորություն կա, Հմայակ Հովյաննիսյանի ու Արամ Հարությունյանի հետ հանրահավաք չեք՞ պատրասվում կազմակերպել: 🙂 Շարունակեք առայժմ «հուժկու» պայքարել համացանցում: Ես էլ ձեր առաջնորդի մասով փաստը արձանագրեցի, որ տապալեց հզոր շարժումը` Քոչարյանի ԲՀԿ-ով: Թե՞ ձեզ ուրիշ փաստեր են հայտնի: Հաջողություն Սոնա Մելիքյան:

  3. Maga says:

    Միշտ եք? Ձեր արշինով չափում դիմացինին: Ինչ հիմքով եք նման պնդում անում, թե ես ինչ-որ առաջնորդ ունեմ: Կարող եք ապացուցել?…Բա էլ ջղաձգվելը ոնց ա լինում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031