Ի հաճույս հանրապետության նախագահին՝ Սահմանադրական դատարանը իր գրքում եւ կայքում միտումնավոր կեղծել է Սահմանադրության ռուսերեն եւ չորս անգամ անգլերեն թարգմանությունները:
Ավելին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ Սահմանադրական փոփոխությունների նախագծում Սահմանադրության անփոփոխելի հոդվածները դարձրել են փոփոխական: Սահմանադրության անփոփոխելի 114-րդ հոդվածը. «Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն», դարձրել են Սահմանադրական փոփոխությունների նախագծի 202-րդ հոդվածը. «Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 202-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»: Բացի այդ, կեղծել են նաեւ 202-րդ հոդվածի անգլերեն թարգմանությունը. «Articles 1, 2, 3, and 202 of the Constitution shall not be amended» (չպետք է փոփոխվեն): Համեմատենք այն գործող Սահմանադության 114-րդ հոդվածի թարգմանության հետ. «Articles 1, 2 and 114 of the Constitution may not be amended» (չեն կարող փոփոխվել), որը Գագիկ Հարությունյանը 2014 թվականին ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովին, ու Վենետիկի հանձնաժողովը փակել է աչքերը անփոփոխելի հոդվածների անգլերեն տեքստի այդ տարբերության վրա:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 140-րդ հոդվածում բացակայում է իրավաբանորեն անհրաժեշտ «մեղադրանքով» բառը, ինչը իրավաբանորեն անհնարին է դարձնում նախագահի իմպիչմենտը: Այն թաքցնելու նպատակով Սահմանադրական դատարանի եզրակացությունը 140-րդ հոդվածում թարգմանված է «conclusion», ապա 167 եւ 169-րդ հոդվածներում՝ «opinion», իբրեւ Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր մարդու նման (հոդված 41) ընդունում է «opinion (կարծիք)», որը «recommendation» բառի պես ենթակա չէ պարտադիր կատարման: Ընդ որում, Ազգային ժողովի, կառավարության եւ Վերահսկիչ պալատի եզրակացությունները թարգմանված են միայն «conclusion»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 167-րդ հոդվածում Սահմանադրական դատարանը «որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, կառավարության եւ վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը»: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի իրավասության դաշտից հանված են նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները, որոնք Սահմանադրական փոփոխությունների նախագծի 138-րդ հոդվածի համաձայն՝ «ուժի մեջ են մտնում միայն վարչապետի կամ առաջարկությունը ներկայացրած նախարարի կողմից կրկնաստորագրության դեպքում»: «Առաջարկությունը ներկայացրած» բառերը նշանակում են, որ կրկնաստորագրությունից բացի՝ վարչապետը կամ նախարարը կազմում են նաեւ Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների տեքստը: Այսինքն՝ իրականում Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների անվան տակ Սահմանադրական դատարանի իրավասության դաշտից հանվում են գործադիր իշխանության նորմատիվ իրավական ակտերը: Միայն Հայաստանում է հնարավոր նման կամայականությունը:
Կարդացեք նաև
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 46-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից», սակայն 134-րդ հոդվածը չի արգելում Նախագահին, ավելի ճիշտ՝ ներքին գործերի նախարարին լուծել «ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը»: Ու այդ ոստիկանական կամայականությունը 167-րդ հոդվածի կեղծման պատճառով հնարավոր չի բողոքարկել Սահմանադրական դատարանում: 2005 թվականին Վարդան Պողոսյանը «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ. Համառոտ պարզաբանումներ» իր գրքի 64-րդ էջում աղավաղել է անգամ Սահմանադրության 43-րդ հոդվածի հայերեն տեքստը, որպեսզի թաքցնի, որ 43-րդ հոդվածը թույլ է տալիս զրկել քաղաքացուն քաղաքացիությունից:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 132-րդ հոդվածի համաձայն՝ Նախագահը, շրջանցելով Սահմանադրական դատարանը, կարող է կնքել նոր հայ-թուրքական արձանագրությունները: (Մարդու իրավունքների պաշտպանին այն, իհարկե, չի վերաբերում:)
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 43-րդ հոդվածից (հավաքների մասին) հանված է «ազատորեն» բառի անգլերեն թարգմանությունը, որպեսզի հեշտ լինի Եվրոպայի առջեւ արդարացնել ցուցարարների ցրումը:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 167 եւ 169-րդ հոդվածների համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշումներ է ընդունում անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` 5 ձայնից ոչ պակաս: Այսինքն՝ 6 դատավոր քվորումի դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացու հայցի օգտին քվեարկեն հինգ անգամից շատ դատավորներ՝ կամ դեմ:
ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10..2015