Լոսանջելեսյան Hyasa Center-ի հրավերով վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը ճանաչված «Alex» սրահում ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի ռեժիսուրայով հանդես է եկել Ալ. Շիրվանզադեի-Ա. Սաթյանի «Մորգանի խնամին» կատակերգության ներկայացումով:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Երվանդ Ղազանչյանը նշեց, որ ԱՄՆ կատարած այս հյուրախաղը թվով 5-րդն էր՝ 74-ամյա կոմեդիայի թատրոնի պատմության ընթացքում: «Մորգանի խնամին» խաղացինք երկու օր: 2-րդ անգամ մեր նախաձեռնությամբ խնդրեցինք, որ ներկայացմանը ներկա լինեն միայն երեխաներ: Նախ՝ «Մորգանի խնամին» դասական գործ է, հետո էլ հնչում է Արամ Սաթյանի հիանալի երաժշտությունը: Պիտի նշեմ հանդիսատեսի անսահման ջերմ ընդունելությունը եւ իհարկե՝ մեր թատրոնի առաջատար արտիստներ Սաթենիկ Հախնազարյանի, Սոնա Մուրադյանի, Անի Քոչարյանի, Արթուր Կարապետյանի, Հովակ Գալոյանի իսկապես բարձրարվեստ խաղը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Պարոն Ղազանչյանը հավելեց, որ իրենք մեծ պատվի են արժանացել, մանրամասնելով, որ հատուկ շնորհակալագրեր են ստացել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի, ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Ադամ Շիֆֆի (լուսանկարում), ով հայտնի է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, կողմից:
Վաստակաշատ ու անվանի արվեստագետից հետաքրքրվեցինք, թե տեսնո՞ւմ է մի ճանապարհ, որը թույլ կտա ազատ շուկայական հարաբերությունների պարագայում արտերկրում, մասնավորապես՝ գաղթօջախներում, ներկայացնել միայն բարձրարվեստ հայկական մշակույթ: Պարոն Ղազանչյանի պատասխանը հակիրճ էր. «Իսկապես դա հուզող հարց է: Ընդհանրապես պետք է զգույշ լինել օտար ազգերին մշակույթդ ներկայացնելու հարցում: Իսկ եթե կոնկրետ պատասխան եք ուզում լսել, ասեմ՝ չեմ կարծում, որ այդ խնդիրը լիարժեքորեն կարգավորվի»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10..2015