Հովիկ Հովեյանի բանաստեղծության հետքով
Լույս է տեսել բանաստեղծ Հովիկ Հովեյանի հերթական ժողովածուն՝ «Անժամանակություն» վերնագրով: Նրա գրքերի՝ պատմական ու նախապատմական ժամանակներն ակնարկող վերնագրերին («Հիշողության կավ», «Ուրարտական անձրեւներ», «Վրիպած ջրհեղեղ» եւ այլն) վարժված ընթերցողը հանկարծակիի գալու առիթը չունի, երբ գիրքը բացելուց առաջ ենթադրում է, որ իրեն հրամցված վերնագրի տակ գտնելու է անհայտ ու անմեկնելի ինչ-որ ժամանակների կամ անժամանակների ընթացագրությունը: Իրոք, գրքի առաջին հատվածում զետեղված բանաստեղծությունների տրամադրությունն ու խոհը հենց այդ հունով էլ ուղղորդում են մեզ.
«Երկիրս թագադրում եմ գրքով
Ու մատյանների գորգեր փռում
Պատմությունն ի վար…
Թափուր ընթերցասրահ է կյանքը,
Մահը՝ թագադրում հողով…»:
Բայց հետո՝ «Նեոհայկական ֆուտյուր» ընդհանուր անվանումի ներքո ներկայացվող բանաստեղծությունների շարքում, մենք տեսնում-հայտնաբերում ենք մեզ համար անծանոթ Հովիկ Հովեյանին: Ասել, թե նա նախապատմական շրջափուլերում, երկրագնդի անդրկեղեւային բազմաշերտերում նախաձեռնած իր բանաստեղծական պեղումների մեջ խիստ պահպանողական է եւ երբեք իր գրչածայրը չի լիցքավորում ժամանակակից պատկերների ու հոգեձեւերի մելանով, սխալ կլինի: Բայց մի բան ակնհայտ էր Հովեյանի նախորդ ժողովածուներում. եթե նա ձեռք էր մեկնում ժամանակակից թեմաներին, ապա դրանք հնչում էին բոհամեկան, սաքսոֆոնաջազային վարիացիաների ռիթմերով:
Հովեյանի համար օրինաչափ ու մեզ համար սպասելի այս ռիթմերը գտնում ենք նաեւ «Անժամանակության» էջերում.
«Երբ մանուկ էի, մատներս կերավ
Ստեղնաշարը դաշնամուրի…
Պատանությանս օրերին ջութակի աղեղն
Անգթորեն կուրծքս խոցեց…
Կարդացեք նաև
Հետո մնացի կիթառի տեղատարափի տակ,
Եվ պատսպարանս միայն սաքսոֆոնի
Նկուղը եղավ…
Հիմա Գեւորգ Դաբաղյանի
Եղեգնախոս շամբուտներում
Մենավոր սոսափ եմ
Դուդուկի…»:
Բայց «ֆուտյուրներում» մեր առջեւ հառնում է նոր «այսօրապատում», որը չի առնչվում բոհեմի, մայրաքաղաքային նրբաքիմք հասարակության, ինչ-որ տեղ քաղքենիորեն շքեղ հովեյանական քնարերգության հետ: Մենք տեսնում ենք նոր «այսօրապատում», որը հողեղեն է, կոպիտ, ասֆալտամերձ, հմայաթափ.
«Ամազոնից մի քիչ հարավ՝
Տեղատարափ թութակների,
Մեր շեն կյանքը էս ի՞նչ դառավ՝
Զբոսանավ ախմախների:
Սխա՜լ, սխա՜լ աններելի՝
Իրանում՝ նավթ, Դանիայում՝ նավ,
Հայաստանում կարկուտն էլի
Ծիրանի սաղ բերքը տարավ:
Ամազոնից մի քիչ հարավ
Շլդո մի հայ դաչա առավ…
Արա վա՛յ-վա՛յ. հա՜ֆ-հա՜ֆ, հա՜ֆ-հա՜ֆ…»:
Այս տրամաբանության ու տրամադրության թանձրացումներին հանդիպում ենք նաեւ «Թագավոր դարձողների հերթը», «Մինիխորհրդակցություն» բանաստեղծություններում: Բայց եւ այնպես, Հովեյանին ծանոթ ընթերցողը, մի քիչ շփոթված այս ոչ գրական բառատարափից ու խառնափնթոր գույների խաչաձեւումներից, քիչ անց գտնում է ինքն իրեն ու արձանագրում, որ «Անժամանակության» հեղինակը որոշել է արտածել նոր անհայտներով մի բանաձեւ, որին հասնելու-հանգուցալուծելու գաղտնագրերին պետք է սպասել, թերեւս, առաջիկա ժողովածուներում, քանզի ինքը՝ Հովեյանն է խոստովանում.
«Թանգարանի մուտքի դռան/ մանրամասն եմ,
Բացուփակվելս զարկերակիս սիրո/ խոստովանությունն է
Պեղումներիս ուշացմանը…»:
Եվ բացի այս, բանաստեղծը երբեմն ինքնափնտրումի ու ինքնահայտնաբերումի ճանապարհին կարիք է ունենում նոր հայացք գցել սեփական եսի ու աշխարհի վրա՝ ստուգելու համար իր երբեմնի դավանած արժեչափումների հավաստիությունը: Այդ դեպքերի համար է վերապահված թանկայաձեւ հետեւյալ եռատողի վկայակոչումը.
«Հիշողությանս մատները փայտփորիկներն են երբեմնիների…»:
«Երբեմնիներից» տարբեր, բայց եւ դրանց հետ հաշտ «Անժամանակությունը» սպասում է ընթերցողի ու ժամանակի դատին, ու այս դատի ելքն անխուսափելիորեն վճռվում է արդարության, անաչառության սկզբունքով, քանզի կաշառքն ու քծնանքը չունեն կոնկրետ հասցեատերեր այս դեպքում՝ ի տարբերություն դատավարությունների մյուս բոլոր տարատեսակների: Եվ այս դատի մեջ չկան «Ի հեճուկս…» կամ «Հանուն…» վերնագրերի տակ անուն ու կենսագրություն ապականելու նախօրինակներ:
ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10..2015