Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնագիրը դուք դրեք…

Հոկտեմբեր 09,2015 14:00

Շատերն ասում են, որ գրելով, միեւնույն է՝ բան չես փոխի…Էլ ինչու ես գրում…Ոմանք էլ ասում են, թե սիրելով բան չես փոխի…Միեւնույն է՝ քեզ չի սիրում…Ուրիշներն էլ թե՝ մնալով բան չես փոխի…Միեւնույն է, անելու են այն, ինչ անում են…Մի խոսքով, դատապարտված եմ զգում ոչինչ չանելու…Ոչ գրել, ոչ մնալ, ոչ գնալ, ոչ սիրել, ոչ բողոքել, ոչ հաշտվել, ոչ պարտվել…Որովհետեւ ինչ էլ անես՝ միեւնույն է…
Եվ այսպես ենք ապրում արդեն քանի- քանի տարի…Ոչինչ մի՛ արա…Միեւնույն է, անողն անում է: Դու նստի, դիտի եւ մի գոռա, որովհետեւ գոռացողներին կարող են գործից զրկել, մի՛ խոսիր, որովհետեւ խոսքդ տեղ չի հասնելու…Մի՛ գրիր, որովհետեւ այնքան քիչ ենք, որ ընթերցող գրեթե չի մնացել…Մեկ խոսքով, «ՄԻ» -ի ժամանակն է…Դու պարզապես ապրիր…Այսինքն, կարող ես եւ չապրել, որովհետեւ քեզ այնպես են քամել քո սկզբունքներից, քո բարոյականությունից, քո ճաշակից ու հոգուց, որ ապրելդ էլ մի տեսակ, անիմաստ բան է արդեն…Մի՛ ապրիր…բայց ոչ էլ անձնասպան եղիր, որովհետեւ դա էլ հիմա մոդա է եւ անձնասպան եղողներին կամ աղանդավոր են անվանում, կամ պատեհապաշտ՝ «բերեք պարտքս փակեք՝ չգցվեմ»…Մի խոսքով…Առաջին անգամ կյանքում՝ մտածում եմ, թե ինչ կարող է անել մարդը, ով ոչ ապրում է, ոչ մեռնում…

Մահից՝ ժամանակին վախենում էի, հիմա մի տեսակ հետաքրքիր բան է դարձել…Գոնե ինչ-որ նոր բան կա դրա մեջ…Իսկ մեր կյանքում, գրեթե նոր բան չկա էլ…Եվ հիմա, գրելիս, ինքս իմ մեջ հանգում եմ մի եզրակացության, որ ես, դու, նա, մենք՝ դադարել ենք երազել…Այսինքն, դադարել ենք մի բան ամբողջ սրտով ցանկանալ…Դադարել ենք հոգո՛վ զգալ…Դադարել ենք աճել, որովհետեւ թվում է, թե աճած, վերջացած ենք արդեն ու ավելի աճելու տեղ չունենք…Պետք չէ…Ավելորդ է…Մի խոսքով, ոչինչ է ամենը եւ ոչինչ անել պետք չէ…

Երեւի համահարթեցումն է պատճառը… Մարդ – Ազգ գաղափարը շան սատակ անող այդ գաղափարախոսությունն այնպիսի՛ սեթեւեթանքով է մտել յուրաքանչյուրիս կյանք, որ չենք էլ հասկանում, թե ովքեր ենք մենք…Մարդը «ՈՎ» է լինում, եթե կողքինից ինչ-որ բանով տարբերվում է…Իսկ երբ բոլորը ձգտում են նմանվել բոլորին, երբ բոլորը այնքան մեկ են, որ թշնամի չունես, երբ բոլորն այնքան հարթեցված են, որ բլուրներ ու սարեր չկան, երկրագնդում ապրելն էլ է դառնում անիմաստ եւ ՄԱՐԴԸ սկսում է այլ տարածքներ որոնել գոյատեւելու նպատակ գտնելու համար…Ախր կաս, շնչում ես, ուտում ես, քայլում ես ու չկաս…Խոտ ես…Առավելագույնը՝ թուփ ես…Ծառ լինես, անմիջապես ծիածանագույն, ոսկեգույն, պլպլան ու սիրուն կացիններով կմոտենան քեզ ու այնպես կկտրեն արմատից, որ շրջապատը կիմանա, թե քեզ տապալելով, լավություն են արել համայն մարդկությանը…Չե՞ք տեսնում…Մշակութային մեր ծառերի վրա, որոնք, անգամ եթե ամենաբարձրը չեն եղել, անգամ եթե բուրմունք չեն ունեցել ու չեն ծաղկել, անգամ եթե տնկվել են այնպիսի դաշտում, որտեղ ոմանց տեսողությունն են փակում մինչ հիմա իրենց գոյությամբ, սկսել են այդ ծառերի վրա թքել, մրել, չարաճճի փողոցայինների նման հսկա ծառի կոճղին խզբզել՝ «ես + ես = ես ու ես» եւ այլն, չհասկանալով, որ ամենաանիմաստ թվացող ծառն անգամ մեզ հիմա օդի ու ջրի պես է հարկավոր…Ու դա անում են նրանք, ովքեր քայլում են ամենաամայի փողոցներով, սովոր են դատարկությանը, որովհետեւ երբ աղմուկ չկա, շան հաչոցը գայլի ոռնոցի ազդեցություն կարող է ունենալ…Ու իբր ոռնում են նրանք…Իրենք իրենց հաչոց-ոռնոցով հիացած, սիրամարգի պես քայլելով, աջից ու ձախից պոչ ու ականջ կպցնելով իրենց դատարկ էությանը, ինչ-որ տեսքի գալ են փորձում…Գոնե երեւալ…Գոնե ուշադրություն գրավել…Դե մի բան անել էլի՛…ՄԻ ԲԱՆ…Զբաղվել…Սեփական ունայն ուղեղը լցնել սիրամարգերից պոկած գեղեցիկ փետուրներով…Ու այդպիսիներին թվում է, թե ուղեղը կապտականաչավուն փետուրով լցնելը գեղեցկացնում է մարդուն…Մի խոսքով, այսպիսիները համահարթեցման տակով մտել ու դուրս չեն եկել եւ երջանիկ են, որ հարթ են…Եվ երջանիկ են, որ նման են իրար եւ երջանիկ են, որ «դեմ ենք ծառերի գոյությանը» նշանաբանը օրը հարյուր անգամ արտասանելիս, մի խումբ հարթեր ծափ են տալիս իրենց ու այդպիսով, կյանքն է իմաստավորվում, այդպիսով, հայրենիքն է ծաղկում, այդպիսով, մշակույթ ենք կերտում…Նո՜ր մշակույթ…Հներն ո՛վ են, որ հասկանան մեզ…Մենք նո՜ր խոսք ենք ասում…Մենք քաջ ենք ու արի…Մենք առաջվա պոետներից չենք է՜…անտուն, անտեղ ու անտեր…Մենք ՏԵՐ ունենք…Ու մեր տերերն այնպես են մեզ «կուտ տալիս», որ չկչկչալ չենք կարող…Մենք տեր ունենք ու մենք սիրում ենք մեր տերերին, որովհետեւ նրանք մեզ օգնում են օրինակ՝ այս «թշվառ ու անտեր» երկրից մեկ-մեկ գլուխներս հանել դուրս ու ասենք, հայտնվել Փարիզում…Օ՜, լալլա՜՜՜…ՓԱՐԻ՜Զ… Մշակույթի՜ օրրան…Մենք եկանք:

Մի խոսքով, տեսնո՞ւմ եք, որ ոչ մեռնելն է մի բան, ոչ ապրելը…Էլ ազգ, մազգ, ժողովուրդ, մողովուրդ, հայրենիք, մայրենիք չկա՛…Կա մի մարդու հարթ տեսակ, ով հեշտացնում է ոմանց տարածումն աշխարհում, ով մտքով ու հոգով այնքան է խոնարհված, որ նրա վրայով հեշտությամբ են անցնում, եւ ով չի էլ զգում, որ նա ծախված, դատարկ մի արկղ է, որի մեջ պիտի նետվեն աշխարհի բոլոր միտք ու հոգի կերտող գրքերը…

Համահարթեցված աշխարհին մշակույթ պետք չէ…Մշակույթը ազգի՛ բան է…Ազգն էլ ՄԱՐԴՈ՛Ւ բան է…Հիմա, ոչ ազգ է պետք աշխարհին, ոչ էլ մարդ…Որտեղ մի քիչ մարդկություն կա, այնտեղ կմտնեն՝ մրցանակներ բաշխելով կմտնեն, ծափահարելով կմտնեն, երգ ու պարով կմտնեն, ծիածանով կմտնեն, փայտով կմտնեն կամ փողով կմտնեն ու եղած ծառերը կհավասարեցնեն գետնին, որպեսզի ծառ ու ծառաստանի, ծաղիկ ու ծաղկանոցի փոխարեն, խոտանոց սարքեն…Ոմանց համար հեշտ մարսելի սնունդ հայթայթելով:

Սա հեքիաթ է…Ֆեյսբուքյան հեքիաթ…Կաֆեներում պատմվող հեքիաթ…Ակումբներում նվագվող հեքիաթ…Օդանավերում, սառնարաններում, համակարգիչներում ու հեռախոսներում հնչող հեքիաթ…Ջինսի գրպանում, կապուչինոյում եւ շքանշանների ժապավեններից կախված հեքիաթ, որը պատմվում է ոչ թե խաղաղ քուն պարգեւելու համար, այլ մշտական քուն պարգեւելու համար բոլոր նրանց, ովքեր ինքնակործանման այս սիրուն ու ժամանակակից քաղաքականությանն ասում են՝ «սա նորաոճ է»…

Տապալված, կանգուն, բարձր ու ցածր ծառերի չորացած կամ կացնահարված մարմինները կա՛մ աթոռ են դառնալու, որի վրա երբեք հանգիստ չեք նստելու, կա՛մ պահարան են դառնալու, որի փեղկերը բացելուց, միեւնույն է, ամեն անգամ պիտի լսեք ծառերի՛ խոսքը…ԾԱՌԵՐԻ՛ ԽՈՍՔԸ…

ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Հիանալի է գրված,շնորհակալ եմ!!!
    PS.
    Я здесь чужой! Я из другого мира!
    Ошибся бог, сюда меня послав!
    Жизнь непонятна и несправедлива!
    Кто круче и наглее – тот и прав!
    Волк волку в стае был и друг и брат!
    Теперь друг друга все сожрать хотят!

    Волкодавы – стали главарями!
    ____ Непокорных – в стае больше нет!
    ……… Непокорных – съели на обед!

    Здесь главари всем глотки рвать, готовы
    Законы и обычаи, поправ.
    Опомнитесь! Вы волки или кто вы?!
    Быть главарем – не может волкодав!
    Такого не должно быть у зверей!
    Волков здесь превращают – в упырей!

    • Սարգիս says:

      Վերնագիրը դուք դրեք…
      Առաջին միտքը,որ առկայծեց,դա ՀՈԳՈՒ ԱՄԱՅԱՑՈՒՄ կամ ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄ:
      Մարդու մեջ սպանում են ՄԱՐԴՈՒՆ!!!
      Ձեր նախորդ տպագրություններին չեի հանդիպել:Մթքերն այնքան իրական են ու ճշգրիտ,կարծես Միլիոնավոր հայերիս շուրթերից եք խոսում:
      Խոսքեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու ու մեկ անգամ ևս ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:Ոգեվորիչը և սփոփիչը նա է,որ մեր հայրենիքի ԶԱՆԳԵՐԸ դեռ ղողանջում են:

  2. Հարգելի Սարգիս, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար: Այո, մեր հայրենիքի ԶԱՆԳԵՐԸ միշտ էլ ղողանջելու են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031