Ամեն մարդ ունի Աստծուց շնորհված հատուկ պաշտպանվածության համակարգ: Այդ համակարգը կոտրելն անհնար է, եթե մարդն իր կամքով այն չի հանձնում: Երբ անհավատ կամ թերահավատ մարդը գնում է կախարդի, էքստրասենսի կամ գուշակի մոտ՝ ինչ-որ նպատակի համար, ապա նա այնտեղ տեսնելով սրբապատկերներ, աղոթքներ ու նույնիսկ Աստվածաշունչ ու Նարեկ (թեեւ սրանց արածը ոչ մի կապ չունի Սբ. Գրիգոր Նարեկացու հավատքի հետ), մտածում է այսպես. «Այստեղ կան սրբապատկերներ, աղոթքներ, Աստվածաշունչ: Ուրեմն այստեղ կա Աստված: Ուրեմն սա բարի է: Ուրեմն այստեղ ապահով է…»: Ու մարդը խաբվելով՝ իր սիրտն ու ներաշխարհը բացում է չարի առաջ: Այ, սրա համար են վհուկները, գուշակներն ու էքստրասենսերը սրբապատկերներ պահում իրենց մոտ:
Հիմա կասեք, իսկ ինչո՞ւ են աղոթքներ անում ու աղոթքներ կարդալ տալիս իրենց հաճախորդներին բժշկության կամ այլ նպատակների համար:
Նախ եկեք տեսնենք, թե ինչ է աղոթքը եւ ինչպես է այն տարբերվում կախարդական խոսքերից:
Աղոթքը մարդու զրույցն է Աստծո հետ, որ դուք կարող եք անել ամեն տեղ, երբ կամենաք: Աղոթքի ժամանակ դուք խոսում եք ուղղակիորեն Աստծո հետ, լսում Նրան ու սովորում Նրանից:
Աղոթքի արդյունավետությունը կախված է 4 հանգամանքներից:
Կարդացեք նաև
1. Ինչպիսին է ձեր հավատքի աստիճանը:
2. Ինչպիսին է ձեր կյանքը: Դուք ապրո՞ւմ եք Աստծո պատվիրաններով, թե՞ ոչ:
3. Արդյոք ձեզ համար օգտակա՞ր է այն, ինչ խնդրում եք, թե՞ ոչ:
4. Արդյոք հիմա հարմա՞ր ժամանակ է, որ ձեզ տրվի ձեր խնդրանքը, թե՞ ոչ:
Տեսնո՞ւմ եք: Ահա 4 կարեւոր հանգամանքներ աղոթքի արդյունավետության համար: Եթե այս չորսից մեկը չկա, ապա ձեր աղոթքը հնարավոր է, որ չլսվի ու չկատարվի հենց ձեր իսկ օգուտի համար:
Իսկ ինչ է նշանակում կախարդական ազդեցությունը: Դա հատուկ կախարդական թովչություն է, այսինքն՝ հմայող խոսքեր, որ կատարվում է հատուկ կախարդական ծիսական կարգով, որի արդյունքում այն ունենում է իր արտաքնապես խաբուսիկ, բայց կործանարար ազդեցությունը: Սա կատարվում է անկախ նրանից, թե դուք հավատո՞ւմ եք Աստծուն, թե՞ ոչ, դուք ապրո՞ւմ եք Աստծո պատվիրաններով, թե՞ ոչ, արդյոք այն, ինչ խնդրում եք, լա՞վ է ձեզ համար, թե՞ ոչ, արդյոք հիմա հարմա՞ր ժամանակ է, թե՞ ոչ:
Ինչպես տեսնում եք, սա ոչ մի կապ չունի քրիստոնեական աղոթքի հետ: Բայց հնարավոր է, որ սա իր չար գործն անի ու ձեր խնդրանքներն էլ հնարավոր է, որ կատարվեն: Բայց ո՞ւմ կողմից: Ի՞նչ գնով: Սա կատարվում է ձեր ազատության գնով: Դուք քանի որ խաբվեցիք ու ձեր սիրտը բացեցիք չարի առաջ, ապա ձեր հոգին կապվում ու ստրկացվում է նրա կողմից: Դրա դիմաց հնարավոր է, որ դուք ստանաք ձեր հիվանդության կարճաժամկետ բուժում:
Հիմա տեսնո՞ւմ եք: Հնարավոր է, որ այս մարդիկ Աստծո անունը տան, բայց դա ոչ մի կապ չունենա ճշմարիտ եւ ուղղափառ հավատքի հետ: Առավել եւս, սա աղոթք չէ, այլ աղոթքը ծաղրել:
Սիրելի բարեկամներ, հեռու մնացեք սուտ մարգարեներից ու կեղծ ուսուցիչներից: Որպեսզի պաշտպանվեք, լավ սովորեք ձեր քրիստոնեական հավատքն ու ձեր սրտի մեջ ճանաչեք Քրիստոսին: Ամեն օր իր խոսքը կարդացեք, աղոթքով ապրեք, Աստծո պատվիրանները պահեք ու Քրիստոսի եկեղեցու մեջ մնացեք, որպեսզի իմանաք, թե ինչպես պաշտպանվել «չարի մխացող նետերից» (Եփես. 6:16), պայքարել դրա դիմաց ու հաղթել:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել Ֆեյսբուքի իմ էջին
«Առավոտ» օրաթերթ
08.10..2015