ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Կարդացեք նաև
Գլուխ երրորդ
ԴՐԱՄԱՏԻԿ ՎԻՃԱԿՆԵՐ
Շահամիրյանի մասին էս ամենը հիշելով ու գրելով՝ ամենեւին նպատակ չունեմ իրեն իբրեւ բացասական անձնավորություն ներկայացնել, եւ ենթադրելով, որ չուզողներս իմ էս գրածների մեջ սփյուռքահայերի դեմ ինչ-որ բան են փնտրելու ու գտնելու, պիտի ասեմ նաեւ, որ սփյուռքահայերի դեմ երբեւէ որեւէ բան չեմ ունեցել ու չունեմ, եւ էս վերջին էջերս էլ են դրա ապացույցը, որովհետեւ Ժոզեֆն ու Ժոզեֆի քույրն էլ էին սփյուռքահայ, եւ ինքներդ եք վկա, որ էս ընթացքում Ժոզեֆի ու իր քրոջ վերաբերյալ որեւէ բացասական բան չասացի, եւ Շահամիրյանի վերաբերյալ էլ որեւէ բացասական բան չեմ ասել, եւ եթե իր հետ կապված որոշ դրվագներ որոշակի երգիծանքով եւ նույնիսկ որոշակի ցինիզմով նկարագրեցի, դրա պատճառն էն է, որ ես Շահամիրյանի մասին ոչ թե իմ էս պահին մտածածն եմ գրում, այլ ընդամենը՝ Շահամիրյանի մասին իմ չափազանց ջահելական ու երիտասարդական հիշողությունները, եւ դրանք իսկապես երգիծանքով ու ցինիզմով լի են, ու երեւի այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ էն ժամանակ ոչ միայն չէի մտնում Շահամիրյանի բավական ծանր հոգեվիճակի մեջ, այլեւ չէի էլ փորձում մտնել, եւ եթե փորձեի էլ, դժվար թե որեւէ բան ստացվեր, որովհետեւ, ինչպես հիմիկվա մեր էս վայրի ու վայրենի կապիտալիզմի ժամանակներում, էն ժամանակ էլ էր կեցությունը որոշում մարդկանց գիտակցությունը, եւ չնայած հատկապես էն ժամանակ Մարքսին ու Մարքսի ասածը չէինք ընդունում, էն ժամանակվա մեր կեցությունը չափազանց թեթեւ ու սիրուն էր, եւ նմանապես մեր գիտակցությունն էր թեթեւ ու սիրուն, եւ հատկապես իմ ու Ռոլանդի կեցությունն ու գիտակցությունն էին թեթեւ ու սիրուն, որովհետեւ էն ժամանակ երկուսս էլ չափազանց երիտասարդ ու չափազանց խոստումնալից գրողներ էինք, եւ արդեն տպագրված գրքերի հեղինակներ էինք, եւ ոչ միայն մեր ներկան էր մեր դեմ գեղեցկորեն սփռված, այլեւ՝ մեր ապագան, եւ մեր դեմ միանգամայն տեսանելիորեն ու գեղեցկորեն սփռված մեր ապագան բերնեբերան լի էր նորանոր գրքերով ու նորանոր մրցանակներով, եւ միանգամայն հասկանալի ու բնական է, որ մենք մեր էդ հաջողության մեջ ու մեր էդ տարիքում Շահամիրյանի ողբերգությունն առանձնապես չէինք զգում, եւ եթե զգում էլ էինք, ընդամենը մասամբ ու աննշան չափով էինք զգում, եւ էն առաջին օրը, երբ Շահամիրյանը խմբագրի կաբինետից դուրս գալով՝ միջանցքով մեկ աղաղակեց՝ «Աֆղանստա՜ն եմ սարքելու», նույնիսկ իր էդ աղաղակի բովանդակությունը չէինք հասկանում, եւ չնայած գիտեինք, որ Աֆղանստանում պատերազմ է, էդ պատերազմի իմաստն ու նպատակն էլ չգիտեինք ու չէինք հասկանում, եւ միայն տարիներ անց, երբ Գորբաչովը զորքերը հանեց Աֆղանստանից, էդ անհեթեթ պատեզարմի մասին որոշ գաղափար կազմեցի, եւ չնայած առ էսօր էլ էդ պատերազմի իմաստն ու նպատակը չեմ հասկացել, հիմա արդեն գլխի եմ ընկնում, թե էն ժամանակ ինչ նկատի ուներ վիրավոր Շահամիրյանը, երբ «Ծիծեռնակի» միջանցքով մեկ աղաղակում էր՝ «Աֆղանստա՜ն եմ սարքելու», եւ հիմա ոչ միայն Շահամիրյանի էդ աղաղակի իմաստն ու բովանդակությունն եմ հասկանում, այլեւ՝ Շահամիրյանի էն ժամանակվա հոգեվիճակը, որովհետեւ հիմա՝ էս պահին ոչ միայն տարիքիս առումով եմ Շահամիրյանի էն ժամանակվա տարիքին մոտ, այլեւ՝ հոգեվիճակիս իմաստով, եւ եթե ավելի անկեղծ լինեմ, էսօրվա իմ հոգեվիճակն անհամեմատ բարդ է, քան՝ էն ժամանակվա Շահամիրյանինը, որովհետեւ, ինչքան էլ Շահամիրյանն ու այլ սփյուռքահայեր Սովետը չսիրեին, էդ երկիրն իրենց ու բոլորին գոնե նվազագույն թոշակով ապահովում էր, եւ, որ ամենակարեւորն է, էդ նվազագույն թոշակը հերիքում էր թոշակառուի կյանքի նվազագույն պայմաններն ապահովելու համար, մինչդեռ հիմա՝ մեր օրերում եթե թոշակառուն Ռուսաստանում կամ արտասահմանյան այլ երկրում աշխատող եւ Ռուսաստանից ու արտասահմանյան այլ երկրից կանոնավոր փող ուղարկող չունի, վայն էկել ու տարել է էդ, ուրեմն, թոշակառուին, եթե, իհարկե, տվյալ թոշակառուն որեւէ կապիտալիստի ծնող չի հանդիսանում կամ ինքը՝ կապիտալիստ, եւ էս նախադասությունս շատ ճոռոմ ու շատ պրիմիտիվ ստացվեց, որովհետեւ երբ անձնական խնդիրներիցդ ես խոսում, ձանձրույթ կամ ծիծաղ ես պատճառում ունկնդիրներիդ, եւ հատկապես իմ դեպքում է էդպես, որովհետեւ ես անձնական խնդիրներիցս խոսելու սովորություն չունեմ թե կյանքում եւ թե մանավանդ արձակում, բայց, ցավոք սրտի, միշտ չէ, որ հաջողացնում ես հավատարիմ մնալ սովորություններիդ ու սկզբունքներիդ, եւ չնայած ծանր ու ծանրաշունչ բաներ ասել ու գրել էլ չեմ սիրում, ինքներդ եք վկա, որ ահագին ժամանակ է՝ լավ էլ ծանր ու ծանրաշունչ բաներ եմ գրում՝ ներառյալ Շահամիրյանի էդ, ուրեմն, ծառայողական ու աշխատանքային դրաման:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: