Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Մուսախանյան. «Չե՛ք անցկացնիի» մեկնարկը գերազանց եմ գնահատում

Հոկտեմբեր 08,2015 22:00

Արշակ Մուսախանյանը «Ոչ»-ի ճակատի շուրջ մարդկանց ակտիվացում է սպասում

«Դրանում որեւէ անակնկալ չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հանրաքվեի օրվա նշանակմանը, ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Անդրադառնալով «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության սպասվող հանրահավաքին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, Արշակ Մուսախանյանն ասաց, որ համարում է՝ հանրահավաքի համար շատ ճիշտ ժամանակահատված է ընտրվել. «Հոկտեմբերի 30-ին մենք կարող ենք արդեն քաղաքացիներին պարզ ներկայացնել հետագա անելիքները կապված հանրաքվեի հետ»:

Իսկ մինչ հանրահավաքը նախաձեռնությունը իրազեկման աշխատանքներ է կատարելու, Հայաստանի Հանրապետության մարզեր են այցելելու, փորձելու են գրավել երիտասարդության ուշադրությունը, որպեսզի հոկտեմբերի 30-ի հանրահավաքը մարդաշատ լինի: Արշակ Մուսախանյանը չհամաձայնեց մեր նկատառմանը, թե հոկտեմբերի 2-ի հանրահավաքը սակավամարդ էր. «Եթե Դուք դա ցանկանում եք համեմատել եռյակի հանրահավաքի հետ, իհարկե՛, սակավամարդ էր հանրահավաքը: Ի վերջո սա նախաձեռնության հանրահավաքն է, Երեւանում առաջին հանրահավաքն էր: Եվ ես շատ գերազանց եմ գնահատում մասնակցությունը հանրահավաքին»:

Նա նշեց, որ քաղաքացիները հնարավորություն ունեն ե՛ւ կուսակցությունների հետ աշխատել, ե՛ւ քաղաքացիական նախաձեռնության հետ աշխատել, այսինքն՝ նրանց համար բոլոր պայմանները ստեղծված են. «Եթե քաղաքացին մտահոգված է իր ապագայով, քաղաքացիները հնարավորություն ունեն ակտիվանալու, մասնակցելու քաղաքական գործընթացներին, այսինքն՝ ամբողջ իմաստը դա է: Եթե մեր քաղաքացիները անտարբերությամբ հետեւեն ուղղակի, թե ինչ ենք անում մենք, մենք որեւէ հաջողության չենք հասնի: Սա նախեւառաջ քաղաքացին պետք է հասկանա, որ արվում է իր համար, արվում է իր ապագայի համար: Իր երեխաների համար, եթե անհանգստացած է, մտահոգված է պետք է ակտիվանա եւ մասնակցի քաղաքական գործընթացներին»:

Նկատառմանը, թե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում սակավամարդ էր որակել հանրահավաքը, Արշակ Մուսախանյանն ասաց. «Երեւի Արմեն Մարտիրոսյանը համեմատել էր եռյակի հանրահավաքի հետ, որովհետեւ այն ժամանակ դուրս էին գալիս փողոց երեսունհազարանոց հավաքներ էին անում: Երեւի Արմեն Մարտիրոսյանը մտածում է, որ հիմա էլ պետք է այդքան դուրս գան փողոց, բայց ես այդպես չեմ կարծում, մեկնարկը գնահատում եմ շատ լավ»:

Նա հավելեց, որ «Ոչ»-ի ճակատի շուրջ մարդկանց ակտիվացում է սպասում. «Բոլոր նախադրյալները կան, որ քաղաքացիները մեր համակիրներն են, ես դրանում համոզված եմ: Եվ ինչքան ակտիվանան նրանք, այնքան մեծ կլինի մեր հաջողությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031