Նկարիչների միությունում այսօր բացվեց «Գասպարյան-արտ ստուդիա»-ի «Իմ երազանքի քաղաքը» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ստուդիայի տնօրեն Հովհաննես Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված են նորարարական ոճով ստեղծված աշխատանքներ՝ գեղանկարներ, տպագրական եւ հաստոցային գրաֆիկա, բատիկ, քարե բարձրաքանդակներ:
«Կյանքը ցույց է տվել, որ հայը կարողանում է հաղթահարել ցանկացած դժվարություն եւ իրավիճակ: Երեխաների աշխատանքները դիտելով՝ զգում ես դա: 4-16 տարեկան երեխաները կարծես հասուն մարդու պես ստեղծագործած լինեն: Կարծես հայի գենն է խոսում նրանց մեջ, մենք էլ աշխատում ենք «բացել» այդ գենը»,-հավելեց Հովհաննես Գասպարյանը:
Ստուդիայի սաները փորձել են իրենց աչքերով ներկայացնել ապագայի Հայաստանը: Հետաքրքրական է, որ գրեթե բոլոր աշխատանքներում այն գունագեղ է: Ցուցահանդեսը կգործի եւս 5 օր: Գուցե առաջիկայում աշխատանքները ներկայացվեն այլ ցուցադրություններում եւս:
Կարդացեք նաև
Նշենք, որ դեռեւս տարեսկզբին «Գասպարյան արտ-ստուդիա»-ի սաները պատվոգրեր էին ստացել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի կողմից: 2014 թ-ին նրանք մասնակցել են «Լիդիցե» միջազգային մանկական ցուցահանդեսին և արժանացել «Լավագույն աշխատանք» մրցանակի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ