Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

Հոկտեմբեր 08,2015 19:40

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված անդրանիկ հանդիսավոր նիստին:

Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:

Մեր երկրում այն այսօր նշվում է առաջին անգամ: Կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվեց որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն վերջնականապես ձևավորվեց ճիշտ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը:

Անկախ միասնական քննչական մարմնի ստեղծումն առանձնահատուկ կարևոր էր մեր պետության և հասարակության համար: Թեպետ այն դեռևս մեկ տարեկան է, բայց ցանկանում եմ շեշտել, որ այն ձևավորվել է հարուստ փորձ և ավանդույթներ ունեցող համակարգի հիմքի վրա, որը մշտապես լավագույնս կյանքի է կոչել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:

Դիմելով Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրանց ծառայությունն առանցքային նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում: «Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե´ արտաքին, թե´ ներքին, առավել քան կարևորվում է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում:  Վստահ եմ, որ մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, սկզբունքայնությունը և անաչառությունը կօգնեն ձեզ հասնելու այդ նպատակին», – ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ կստեղծի Քննչական կոմիտեի աշխատակիցների համար՝ ծառայողական պարտականությունները հավուր պատշաճի իրականացնելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության գնդապետ Արթուր Ղամբարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Հայկ Գրիգորյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, արդարադատության մայոր Տիգրան Թամամյանը խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ նաև շրջայց է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մասնաշենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, ծանոթացել կառույցի գործունեության համար ստեղծված պայմաններին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031