Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենն ԱԺ-ում բարկացավ եւ հորդորեց պատռել իր զեկույցի էջը՝ խոսելով կաշառակեր ուսուցիչների մասին

Հոկտեմբեր 08,2015 19:15

Համաձայն չե՞ք, որ կա ուսուցիչ, որը սպասում է շոկոլադային փաթեթների կամ ծաղիկների կամ գումարի, որպեսզի իր գործը լավ կատարի:

«Ինձ մոտ տարակուսանք է առաջացնում, որ զեկույցում կան այնպիսի ձեւակերպումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ զարմանք են առաջացնում: Առհասարակ ցածր վարձատրվող ուսուցիչները՝ միջինում 60-80 հազար դրամ, դասապրոցեսի ընթացքում հաճախ դիտավորյալ լիարժեք չեն դասավանդում իրենց առարկան: Հանձնաժողովում այս հարցը բարձրացրեցի, մարզերի ուսուցիչներ էր անգամ գրված, մարզերի բառը լավ է դուրս է եկել այստեղ»,- ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 2014-ի զեկույցին այսպես արձագանքեց:

Ըստ Ռուզաննա Մուրադյանի, այս ձեւակերպմամբ օմբուդսմենը վիրավորում է 60-80 հազար դրամ ստացող շատ լավ աշխատող ուսուցչին:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ որոշ հարցադրումներ ստիպում են կտրուկ պատասխանել. «Համաձայն չե՞ք, որ գյուղական դպրոցներում կրթության որակն ավելի ցածր է, քան մայրաքաղաքի դպրոցներում, թե՞ համաձայն չեք, որ պրակտիկայում շատ ազնիվ աշխատող 60-80 հազար դրամ ստացող ուսուցչի կողքը կա այն մյուս ուսուցիչը, որը սպասում է շոկոլադային փաթեթների կամ ծաղիկների կամ գումարի, որպեսզի իր գործը լավ կատարի: Թե՞ այդ ամենը մի հայտնություն է, որ անպայման ես պետք է հնչեցնեմ ԱԺ ամբիոնից, հետո ինչ-որ մարդիկ, որ իբր թե ուսուցչի պաշտպան են, ասեն՝ Կարեն Անդրեասյանը այսպիսի բան է ասում ուսուցչի մասին:

Առաջին ուսուցչի պաշտպանը ես եմ, որովհետեւ խոնարհվում եմ բոլոր ուսուցիչների առաջ: Բայց միեւնույն ժամանակ արատավոր երեւույթը որ կա՝ կա: Ո՞վ չգիտի, որ կրկնուսույցներն այսօր բազմաթիվ դպրոցներում բազմաթիվ գումարային աշխատանքներ են կատարում: Նույնիսկ, եթե որպես օմբուդսմեն ես ոչինչ չիմանայի, որպես 3 երեխաների հայր, որոնցից երկուսը միջնակարգ դպրոցում են սովորում, շատ լավ տեղեկացված եմ տարբեր երեւույթների մասին: Ընդ որում, 100 ուսուցչից 1-ն է այդ անազնիվը եւ այդ անազնիվին գտնելու հարցում համապատասխան մարմինները լավ չեն աշխատում: Ես գաղտնալսող ծառայություն չեմ, դրա համար կան համապատասխան մարմիններ: Ամբողջ երկիրը խոսում է դրամահավաքների մասին կրթության ոլորտում, դուք այսպես շատ զարմացած հարցնում եք՝ որտեղի՞ց այդ տեղեկատվությունը»:

Նա նշեց, որ զեկույցը կազմվում է հարյուրավոր մարդկանց հետ գաղտնի հարցազրույցների արդյունքում, մամուլում հայտնված եւ չհերքված տեղեկությունների հիման վրա: Հետո նա դիմեց պատգամավորին՝ «Չեք հավատում դրան, ջնջեք եւ պատռեք զեկույցի այդ էջը: Նրանք, ովքեր հավատում են ԱԺ-ում եւ այլ տեղերում, որ խնդիրը կա, կարող են միանալ գործընթացին, տեսնեն ցավոտ խնդիրը եւ դրան լուծումներ տալ: Օմբուդսմենը խորհրդատվական մարմին է, բայց նրա համար, ով ուզում է լսել այդ խորհուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031