Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է արտագերատեսչական քննչական կառույցը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծման օրվանից նրա առջև ծառացան կազմակերպական, իրավական, նյութատեխնիկական և կադրային մի շարք խնդիրներ: Այժմ, երբ այդ խնդիրների մեծ մասը լուծվել է, կարելի է փաստել, որ Հայաստանի ամենամեծ քննչական մարմինը կայացման ճանապարհին է:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կարճ ժամանակահատվածում կարողացել է զգալի դերակատարություն ստանձնել հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև պետականության ու իրավակարգի ամրապնդման գործում:
Հայաստանը հռչակված է որպես ժողովրդավարական և իրավական երկիր, հետևաբար, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատանքը պետք է խարսխվի այդ սկզբունքների վրա: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պետք է անզիջում լինի հանցավորության դեմ պայքարում և հետևողական՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, առաջնորդվի սկզբունքայնությամբ և պատվախնդրությամբ, լինի ամուր և օրինապահ պետական կառույց, ինչը հնարավոր է միայն անխոնջ և աննկուն աշխատանքով: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իր արժանի տեղը կգտնի իրավապահ մարմինների համակարգում:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ քննչական դժվարին ծառայության մեջ, առողջություն և երջանկություն՝ ձեզ և ձեր ընտանիքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ