Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Ապագա» հայ երիտասարդների կրթական նորարական համաժողովի երիտասարդների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Առանձնակի կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:
«Երիտասարդությանն առնչվող հարցերը միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էլ՝ դիտվել մեր առաջնահերթությունների շարքում: Հենց այդ նպատակով էր Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծումը, որն այսօր իր անմիջական ու կարևոր մասնակցությունն ունի մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերում, որոնց մի մասն, ի դեպ, հենց երիտասարդության կողմից արված առաջարկությունների հիման վրա է կազմվում: Երևանի քաղաքապետարանում այսօր հարյուրավոր երիտասարդներ են աշխատում, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն մեր քաղաքի զարգացման պատասխանատու գործում: Անշուշտ, պատրաստ ենք նաև ձեզ հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ծավալել արդյունավետ փոխգործակցություն»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև համոզմունք է հայտնել, որ այս օրերին քաղաքում իշխող բարձր տրամադրությունը կփոխանցվի նաև մայրաքաղաքում հյուրընկալված երիտասարդներին, և նրանք նույնպես կդառնան տոնի անմիջական մասնակիցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ` պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են, որ մեծ սիրով են մասնակցելու տոնակատարություններին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները երիտասարդության ներուժն օգտագործելու հարցում` վերջիններս իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակիցը դառնալու մայրաքաղաքում կյանքի կոչվող տարբեր ծրագրերին: Հանդիպման շրջանակում երիտասարդները նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացման հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ողջունելով նրանց հետաքրքրությունը` Տարոն Մարգարյանն առաջարկել է սերտացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ ու այդ առաջարկները ներկայացնել կոնկրետ ծրագրերի տեսքով:
«Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է, և մենք մեր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու ենք լինել մեր այն երիտասարդների կողքին, ովքեր իրենց լուման կարող են ներդնել Երևանի զարգացման գործում»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան