Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետպատվերով դեղերն անորակ են, էժան ապրանքը միշտ չի, որ լինում է որակով» Օմբուդսմենն ահազանգում է

Հոկտեմբեր 08,2015 18:20

Խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից հանձնաժողովը կարող է կաշառք վերցնել եւ երեխային տալ հարբեցող ծնողին:

«40 խնդրով եկել եմ ԱԺ՝ հույսով, որ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն»,- այսպես ԱԺ-ում այսօր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սկսեց ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների մասին զեկույցը:

Առաջին խնդիրը, որ նշեց օմբուդսմենը, պետպատվերով դեղերի որակի խնդիրն էր. «Պետգնումների մրցույթում հաղթում է նվազագույն գին առաջարկողը: Անհրաժեշտ է կատարել փոփոխություն պետական գնումների մասին օրենքում՝ վերանայելով դեղերի գնման գործընթացը կամ առանձին օրենսդրական ակտով կարգավորել: Հասկանալի է, որ էժան ապրանքը միշտ չի, որ լինում է որակով: Եթե այլ դեպքերում դա թույլատրելի է, դեղերի դեպքում չի կարելի առաջնորդվել այդպես»:

Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ պետական պատվերի դեղերը մի շարք դեպքերում անորակ են. «Կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ այսուհետեւ շաքարային 2-րդ տիպի դիաբետով հիվանդների համար առաջիկա 5 տարիների ընթացքում պետությունը ձեռք է բերելու ֆրանսիական  Դիաբետոն էմառ դեղը՝ հնդկական Դիազոն էմառի փոխարեն, որից ստացվել էին բազմաթիվ բողոքներ: Առողջապահության նախարարի հրամանով այս տարվա հուլիսի 1-ից Երեւանի եւ մարզերի պոլիկլինիկաներում շաքարային երկրորդ տիպի դիաբետ ունեցողները պետք է ստանային ֆրանսիական դեղը, սակայն պարզվում է, որ պոլիկլինիկաների հիվանդներին տրվում է դեղը ընտրովի՝ հնդկական կամ ֆրանսիական»:

Նա նաեւ ասաց, որ պետության կողմից բուհին հատկացված անվճար տեղերի մի մասը մի շարք դեպքերում չի տրամադրվում ուսանողներին՝ դարձյալ օրենսդրական խնդիրների պատճառով: Ըստ նրա, անհրաժեշտ է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարել եւ առավել բարձր առաջադիմություն եզրույթի հետ կապված:

Զեկույցում Կարեն Անդրեասյանը նաեւ նշեց, որ Խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից հանձնաժողովների գործունեությունը հստակ կարգավորված չէ: Քանի որ չկան օրենսդրական հստակ կարգավորումներ, ամուսնալուծության դեպքերում կամ երբ ծնողները խնդիր ունեն, հանձնաժողովները, առանց ծնողների մասնակցության, որոշումներ են կայացնում ու երեխայի ճակատագիր են որոշում: Արդյունքում կարող են, ասենք, կաշառք վերցնել եւ երեխային տալ հարբեցող ծնողին, սուր սոցիալական խնդիր ունեցող կողմին, մյուսին զրկել ծնողական հնարավորությունից: Սա տարիների խնդիր է, այնպես չի, որ նոր ենք ասում: Եթե կա ցանկություն հարյուրավոր երեխաների ճակատագրում հստակություն մտցնել, պետք է օրենսդրական միջամտություն արվի:

Օմբուդսմենն անդրադարձավ նաեւ դատարանների փաստաթղթերի պատճենահանման չափից բարձր գներին: Սովորաբար ցանկացած պատճենահանման կետում 1 էջի համար վճարում են 10-40 դրամ, իսկ դատական համակարգում 150 դրամ է: Օրինակ, կալանավորի համար դա թանկ հաճույք է, չի աշխատում ու իրեն պետք եկած փաստաթղթի համար էլ այդքան պիտի վճարի: Կարեն Անդրեասյանն առաջարկեց ԱԺ-ին Պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարել:

Որոշ դեպքերում սահմանափակվում է լրագրողի՝ իր տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը, քանի որ օրենսդրությամբ համապատասխան երաշխիքներ նախատեսված չեն:

Կարեն Անդրեասյանն առաջարկեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարեն եւ նշեն, որ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար որպես վկա չեն կարող դատարան կանչվել եւ հարցաքննվել լրատվական գործունեություն իրականացնողը եւ լրագրողը՝ բացառությամբ դատարանի որոշման: Օմբուդսմենը նշեց, որ արդարադատության նախարարությունն ասել է, որ այս հարցը նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբը քննարկում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031