ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: «Մենք շահագրգիռ ենք, որ ֆրանսերենը` որպես քաղաքակրթական լեզու, Հայաստանի կրթության ոլորտում իր դիրքերը պահպանի և զարգացնի: Այս համատեքստում անհրաժեշտ է ՀՀ դպրոցներում բարելավել ֆրանսերենի դասավանդման որակը և իրականացնել ուսուցիչների շարունակական վերապատրաստում: Այս հարցում մենք ապավինում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությանը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ Հայաստանի դպրոցներում թույլատրվել է 3-րդ օտար լեզվի ներմուծումը և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մշակել միասնական կրթական ծրագիր:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռն իր գոհունակությունն է հայտնել, որ հաջորդ շաբաթ առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների նախարարական 31-րդ համաժողովը: Տիկին Տոռը տեղեկացրել է նաև, որ համաժողովին համընթաց Հայաստանում կկազմակերպվի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից: Սրան զուգահեռ` ֆրանկոֆոն երկրներում վերապատրաստված հայ ուսուցիչները կփոխանցեն իրենց փորձը գործընկերներին: Գրասենյակի տնօրենն անդրադարձել է նաև լեզվական պակտի թարմացման խնդրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների, Ֆրանսիական լիցեի և Ֆրանսիական համալսարանի հեռանկարների վերաբերյալ այլ հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն