Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը գլխավոր դատախազին նամակ փոխանցեց. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 17:50

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հոկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին նամակ ներկայացրեց: Հիշեցնենք, որ նույն օրը նա մեկ այլ նամակ էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պարույր Հայրիկյանն ասաց, որ հավատում է, թե որպես իրավաբան եւ պաշտոնյա՝ Գեւորգ Կոստանյանը պետք է հասկանա, որ պետք է կարողանա իրեն տարբերակել. «Մի դեպքում որպես գլխավոր դատախազ պետք է մեղադրանք ներկայացնի, մյուս դեպքում, որպես այդ մեղադրանքի հասցեատեր, հանձնաժողովի անդամ՝ պետք է պատասխան տա նույն դատախազի մեղադրանքներին, եթե իհարկե՛, այդ ճշմարիտ իրավաբանի արիությունը եւ պատասխանատվությունը ի վիճակի կլինի հանդես բերել»:

Ըստ նրա՝ հարցն ունի ինչպես իրավական կողմ, այնպես էլ բարոյական, ինքը մեկ փնջով է մատուցում. «Պահանջում եմ պատժել նաեւ իրեն, առաջին հերթին՝ իհարկե՛, Գագիկ Հարությունյանին: Ես հասկանում եմ, որ այնտեղ նրբություններ կան՝ անձեռնմխելիություն եւ այլն, եւ այլն, բայց հաղթահարելի չակերտավոր խոչընդոտներ են»:

Պարույր Հայրիկյանը ընդգծեց, որ ինքը բարձրացնում է իրավունքին առնչվող հարցեր. «Ես մի անգամ կարողացել եմ ավելի ծանր պայմաններում բացարձակապես շատ ավելի անհնար թվացող գաղափարն իրավունքի ուժով դարձնել իրականություն: Իմ դեմ խոսող 100 հազարները հետո դարձել են իմ կողմնակից եւ անկախության հանրաքվեի օգտին քվեարկել են: Այսօր ավելի բարենպաստ իրավիճակում, երբ մենք միջազգային իրավունքի ենթակա ենք, մեր հնարավորություններն ավելին են: Այս դիմումով չի վերջանում, այս դիմումով չսկսեց մեր գործողությունը, սրանով էլ չի ավարտվելու: Սրան հաջորդելու են քայլեր, որոնց անպայման կծանոթացնեմ ձեզ եւ մեր հանրությանը»:

Նա համարում է, որ ներկայացված նամակը պատմական վավերացում է ստացել. «50 տարի հետո էլ, ես չէի ուզենա, որ այդպես լիներ, գիտե՞ք, չէ՞՝ ասված է՝ ձեր սխալների համար, ձեր հանցագործությունների համար պատասխանելու են ձեր զավակները: Ես չէի ուզենա, որ որեւէ հայ մարդու զավակ իր ծնողի ապաշնորհ պահվածքի, անպատասխանատու պահվածքի պատճառով կանգներ պատժվելու վտանգի առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031