Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք եղել են նաև Մատենադարանում։
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմափորձ բժիշկների խումբը, կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` ՀՀ մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, իր հիմնական գործունեությունը ծավալում է մարզերում։
Տարբեր մասնագետների 3 խումբ արդեն եղել է Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերի բժշկական կենտրոններում, ծանոթացել տեղի բուժաշխատողներին, հիվանդանոցների ապահովվածությանը, զննել բուժում ստացողներին, ինչպես նաև բժշկական օգնություն և խորհրդատվություններ տրամադրել նախապես հավաքագրված հիվանդներին։ Մշակվել է կատարվելիք վիրահատությունների պլան։ Մասնագետներն արդեն իսկ բժշկական օգնություն են ցուցաբերել 64 քաղաքացու։ Հաջորդ այցերի ընթացքում ԱՄՆ-ից ժամանած հայ և այլազգի բժիշկներն անհատույց վիրահատություններ կկատարեն, կկազմակերպեն դասընթացներ։
Պերճ Ապգարյանի գլխավորած պատվիրակության խմբերն առաջիկա օրերին համանման գործունեություն կծավալեն Շիրակի, Լոռու և Արարատի մարզերում։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն