ԶԼՄ-ների հարցերին նվիրված հարավկովկասյան 12-րդ համաժողովի հանձնարարականները
Թվայնացումը լրատվամիջոցների ազատության համար
Սեպտեմբերի 29-30, 2015 թ., Թբիլիսի, Վրաստան
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
Սույն փաստաթղթում ամփոփված են ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ Ներկայացուցչի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված՝ Լրատվամիջոցների հարցերին նվիրված հարավկովկասյան 12-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ավելի քան 60 լրագրողների, կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների ու գիտական շրջանների ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների և Սլովենիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Գերմանիայի և Դանիայի ու մասնակիցների առաջարկությունները:
Համաժողովի ուշադրության կենտրոնում թվային միջավայրում կարգավորող մարմինների դերակատարման և բազմակարծության ու լրատվամիջոցների ազատության բարելավման հարցերն էին` թվային հեռարձակման անցնելու համատեքստում:
Համաժողովի մասնակիցները համաձայնեցին, որ.
· Թվային վերգետնյա հեռարձակումը շատ ավելին է, քան պարզապես տեխնոլոգիական փոփոխությունը: Այն ներկայացնում է որոշակի ու կարևոր հնարավորություն` լրատվամիջոցների բազմակարծությունը, տարբեր ծրագրերի ձևաչափերն ու տեղեկատվության մատչելիությունը բարելավելու համար: Թվային հեռարձակման անցնելը որոշակի ազդեցություններ ունի ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների զարգացման համար: Անալոգայինից թվային վերգետնյա հեռարձակման գործընթացը ավարտին հասցնելը պետք է լինի լրատվամիջոցների ոլորտում քաղաքականության ամենագերակա հարցը կառավարությունների և այլ պետական մարմինների համար և որին պետք է լիովին հասնել հնարավորինս արագորեն` լիարժեքորեն ու արդյունավետ պաշտպանելով արտահայտվելու ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը: Քաղաքացիներին պետք է տեղեկացել առաջընթացի և իրականացման ավարտի ժամկետի մասին:
· Լրատվամիջոցների գործունեության կարգավորողները պետք է էական դերակատարում ունենան նոր թվային հաղորդակցությունների միջավայրում, մասնավորապես բազմակարծության պաշտպանության և արտահայտվելու ազատության, ազատ լրատվամիջոցների ապահովման և տեղեկատվության հասանելիության առումներով:
· Թվայնացման քաղաքականություններում և կանոնակարգերում հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այն կարևոր դերին, որ ունեն մարզային և տեղական հեռարձակողները` կապված իրենց համապատասխան համայնքների հետ:
· Լրատվության ոլորտը կարգավորողների անկախությունը պետք է երաշխավորեն և հարգեն պետական ու լրատվական դաշտի բոլոր անդամները` քաղաքական կամ տնտեսական անհարկի միջամտություններից խուսափելու համար: Առանցքային տարրը համարժեք իրավական միջավայրի առկայությունն է` այնպիսի ֆինանսական սխեմայի հետ միասին, որը պատշաճորեն պահպանում է այդ անկախությունը:
· Պետք է ճանաչել և պաշտպանել լրատվամիջոցների կարգավորողների անկախությունը լիցենզավորման գործընթացում` արդար, բաց և թափանցիկ հեռարձակում երաշխավորելու և բազմակարծիք լրատվության միջավայր ստեղծելու համար: Նման գործընթացները պետք է առաջնորդվեն հստակ ու նախապես սահմանված ընթացակարգերով ու չափանիշներով:
· Լրատվության ոլորտը կարգավորողները պետք է գործեն թափանցիկ ու պատասխանատու ձևով` դատական վերահսկողության նախատեսմամբ:
· Նոր լրատվամիջոցները, ինչպիսիք են` առցանց և հոսքային հեռուստատեսությունը և ըստ պահանջի տրամադրվող աուդիո-վիդեո ծառայությունները, պետք է առաջնորդվեն համամասնական ու ազատականացված մոտեցմամբ, եվրոպական չափանիշներին համահունչ:
· Հանրային լրատվամիջոցները պետք է առանցքային դերակատարում ունենան բազմաթիվ ու բազմազան մեդիա միջավայր երաշխավորելու հարցում` թվային հեռարձակման անցման գործընթացն ավարտելուց հետո: Այս դերը համաձայնեցվել և բարձրացվել է Լրատվամիջոցների հարցերին նվիրված հարավկովկասյան 11-րդ համաժողովում:
· Լրագրության նոր ձևերը, որոնք հայտնի են նաև որպես բաց կամ քաղաքացիների լրագրություն և առաջացել են լրատվամիջոցների թվայնացման արդյունքում, պետք է լիարժեք կերպով օգտվեն նույն իրավունքներից ու պաշտպանությունից, ինչպես ավանդական լրատվամիջոցները, քանի որ արտահայտվելու ազատությունը պաշտպանված է ավանդական ու նոր լրատվամիջոցների հարթակներում:
· Պետությունները պետք է որդեգրեն թվային դարաշրջանում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու համարժեք օրենսդրություն` լիարժեքորեն հարգելով արտահայտվելու ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը:
· Պետք է ներդնել և ամրապնդել արդյունավետ ինքնակարգավորվող գործիքներ` թվային լրատվամիջոցների միջավայրում իրավունքներին և պատասխանատվություններին վերաբերող ճկուն և չմիջամտող համակարգին աջակցելու համար:
· ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը օգնելու է մասնակից Պետություններին թվային հեռարձակման անցման գործընթացը ավարտին հասցնելու և համապատասխան քաղաքականությունները և կանոնակարգերը իրականացնելու համար` արտահայտվելու ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաև բազմակարծությունը ամրապնդելու համար:
· Թվային աշխարհում պատերազմի և ատելության քարոզչության խնդիրներին Պետությունները պետք է անդրադառնան պատշաճորեն՝ միջազգային չափանիշների համաձայն: