Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 Գևորգ Դանիելյանի կարծիքով`«ոչ» ասող փաստաբանների նկատառումներն այնքան էլ սուր չեն

Հոկտեմբեր 08,2015 16:53

Մի շարք փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

Նշենք, որ մասնագիտական խումբն արդեն ավարտել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ուսումնասիրությունները եւ ներկայացրել իր մասնագիտական կարծիքը: Փաստաբաններն ունեն մի շարք մտահոգություններ կապված տարբեր դրույթների հետ. օրինակ` անձի կրկին դատվելու առումով: Ըստ մասնագետների` նոր սահմանադրությամբ անձի՝ նույն արարքի համար կարող է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել, թեեւ դատարանով արդարացվել է: Կամ գործող Սահմանադրության համաձայն` անձն իրավունք ուներ իր ամուսնու, մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ, իսկ հիմա առաջարկվում է մի ձեւակերպում, որ անձը պետք է լինի ողջամիտ ու ենթադրի, որ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր մերձավորի նկատմամբ, այստեղ կա հետընթաց, ինչպես կարող է անձը ողջամիտ ենթադրել, եթե օրինակ նա տեղյակ չէ՝ ինչ ցուցմունք է տվել օրինակ ամուսինը, իրարից անկախ տարբեր ցուցմունքներ են տալիս: Ըստ փաստաբանների` սա օգտագործվելու է անձանց դեմ:

Aravot.am-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանից հետաքրքրվեց արդյոք արդարացվա՞ծ են բոլոր այս մտահոգությունները: Պարոն Դանիելյանը հիշեցրեց, որ մինչ այդ նույնպիսի մտահոգություններ ներկայացվել էին նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարությամբ կազմված հանձնախմբի կողմից, որոնք հանդիպել են մասնագիտական հանձնաժողովի հետ և համատեղ քննարկել հիշյալ և մյուս նկատառումները: Ըստ պարոն Դանիելյանի` պատրաստվել էր ծավալուն, ուշագրավ ու սրտացավ վերլուծություն, ինչը նկատել է նաև հանձնաժողովի նախագահ պարոն Գ.Հարությունյանը:

Անդրադառնալով կրկին դատվելու վերաբերյալ ձևակերպումների առնչությամբ հնչող մտավախություններին` պարոն Դանիելյանն ասաց. «Մտավախություն չեմ տեսնում: Կարծում եմ` ընթացիկ օրենսդրությամբ կտրվեն առավել որոշակի իրավական կարգավորումներ, և պարզ կդառնա, որ պարզապես առկա է փաստաբանների մասնագիտական հոգեբանությամբ թելադրված մտավախություն-տեսակետ: Տվյալ դեպքում մտահոգության տեղիք է տվել այն, որ գործի քննությունը կարող է նորոգվել, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

Հավանաբար, այն մտայնությունն է, որ գործի արդյունքի վրա ազդող ցանկացած հանգամանք կարող է գործը վերանայելու հիմք լինել, մինչդեռ չպետք է անտեսել, որ նույն նախագծի 81-րդ հոդվածով ամրագրած է այն երաշխիքը, ըստ որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում վավերացրած՝մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Բացի այդ, մարդու իրավունքների որևէ սահմանափակում չի կարող գերազանցել միջազգային պայմանագրերով նախատեսված սահմանափակումները»:

Դառնալով անձի` ցուցմունք տալու վերաբերյալ հնչած մտահոգություններին` Գևորգ Դանիելյանն ասաց. «Ցուցմունք տալու կտրվածքով նախապատվությունը տրվել է միջազգային իրավական չափանիշներին, այն միայն գործող իրավական կարգավորումների համատեքստում կարող է խիստ վիճահարույց լինել, սակայն, եթե վկայի հարցաքննության իրավական հիմքերը արմատապես վերանայվեն, և միայն վկայի իրազեկվածությամբ պայմանավորված չլինի իր ցուցմունքի հնարավոր նշանակությունը. մերձավոր ազգականի դեմ է, թե՝ վերաբերյալ, ապա չարաշահումները և հնարավոր մոլորությունը կբացառվեն: Այլ կերպ ասած, փաստաբանների բազմաթիվ նկատառումներ, իրոք, խելամիտ են, սակայն դրանք մասնագիտական բանավեճի հարթության վրա են և, չեմ կարծում, թե այնքան սուր են, որ կարող են կանխորոշել ողջ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ նախատրամադրվածությունը»: Գևորգ Դանիելյանը նաև հիշեցնում է, որ նույն փաստաբաններն ընդգծել են, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջադրվել են նաև բազմաթիվ անվերապահ դրական, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն առավել համահունչ հիմնադրույթներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031