Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը՝ Տարոն Մարգարյանին` գնացել տեսե՞լ եք Զառա Արամյանը, Վահրամ Սահակյանը ոնց են ապրում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 16:31

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանից հետաքրքրվեց, թե արդյոք գնացել եւ սեփական աչքով տեսե՞լ են հեռուստահաղորդավար Զառա Արամյանը, գրող Վահրամ Սահակյանը եւ մնացած քաղաքացիները, որոնց քաղաքապետարանը որոշել է բնակարան նվիրել, արդյոք ունե՞ն բնակարանի կարիք:

Ի պատասխան, ավագանու նիստը վարող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այո` գնացել տեսել են:

Տարոն Մարգարյանը «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամների այն ելույթներին` թե ճիշտ կլիներ այդ բնակարաններն առավել խոցելի խմբերին տալ, որոնք սոցիալապես շատ վատ վիճակում են, ի պատասխան ասաց, որ «պետք չէ պոպուլիստական ելույթներ ունենալ եւ ժամանակավոր դիվիդենտներ շահել»: Քաղաքապետը նեղսրտեց, որ «Բարեւ Երեւանը» «սեւացնում» է քաղաքապետարանի աշխատանքը եւ «լավը» չի տեսնում. «Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վիրավորել իմ գործընկերներին, բայց ես որեւէ մեկին թույլ չեմ տա սեւացնել մեր կատարած աշխատանքը, պոպուլիստական ելույթների թարգը տվեք: Ուզում եք քաղաքը կառուցել, եկեք միացեք միասին կառուցենք, ուզում եք մատից փուշ հանել, եկեք միասին փուշ հանենք: Երեւանում բազում խնդիրներ կան, որոնք կարելի է օրերով թվարկել եւ կան լուծված խնդիրներ, որոնք կարելի է օրերով թվարկել: Անգամ կույր մարդը տեսնում է, թե ինչքան լավ գործ է արվել, պետք է սեւ ակնոցները հանել եւ տեսնել: Միայն սիրողն է տեսնում, չսիրողը չի տեսնում»:

Այդ հարցը պարոն Սաֆարյանի մոտ առաջացել էր այն բանից հետո, երբ նախորդ հարցը զեկուցելիս, որը 30 ազատամարտիկի ընտանիքին բնակարանով ապահովելու մասին էր, Արսեն Ամյանը վստահեցրեց, որ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարությունը ցուցակ է տրամադրել Երեւանի քաղաքապետարանին այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու, մեկ առ մեկ այցելել են այդ ընտանիքներին եւ տեղատեսություն են արել` համոզվելու, իսկապես նրանք ունեն դրա կարիքը»:

Որքան էլ Վահրամ Սահակյանին Զառա Արամյանին բնակարան նվիրելուն ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանիներից դեմ էին, այդուամենայնիվ որոշումն ընդունվեց:

Ստեփան Սաֆարյանն ու «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն ասացին, որ դեմ լինելը անձերով չէ պայմանավորված, չնայած որ, ինչպես Դավիթ Սանասարյանն ասաց, Վահրամ Սահակյանի դեպքում իրեն բոլորովին դուր չի գալիս այդ մարդու վարքագիծը, այլ հարցը չունի իրավական հիմք: Այսինքն` քաղաքապետարանը չունի առաջնահերթությունների ցանկ, որը իրավական առումով ամրագրված է:

Նույն կարծիքին էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Թամար Պողոսյանը:

Barev Yerevan
Ստեփան Սաֆարյանի խոսքերով. «Ավագանին առաջնորդվում է սուբյեկտիվ գնահատականներով, որը երբեմն կարող է բավարար հիմք չլինել նման որոշման համար: Մենք չունենք կոնցեպցիա, չափանիշներ եւ առաջնորդվում ենք իրավիճակով: Եկեք հստակ չափանիշներ սահմանենք ովքեր պետք է ստանան»: Պարոն Սաֆարյանը նաեւ առաջարկեց բոլոր այն քաղաքացիների անունները, որոնք բնակարանի կարիք ունեցող են եւ դիմել են Երեւանի քաղաքապետարան, զետեղել քաղաքապետարանի կայքում, որպեսզի ավագանու անդամները եւ քաղաքացիները տեսնեն, ովքեր են դիմել, գնան այդ հետքերով եւ այլն:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ կա առաջնահերթություն ասվածը, եւ ինքը կարծում է, որ շատ ավելի կարիքավոր ընտանիքներ կան եւ եթե Վահրամ Սահակյանը կարողանում է բնակարան վարձել, ապա շատ շատերը դրա հնարավորությունը չունեն:

«Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բոլոր բնակարան ստացողների օգտին կողմ քվեարկեց ասելով.

«Թող բարով վայելեն բոլորն էլ, բայց Ստյոպայի առաջարկին կողմ եմ»:

Taron Margaryan

Տարոն Մարգարյանը չհամաձայնեց, որ այս հարցում իրավական բաց կա, ասելով, որ ավագանին նրա համար է, որ այդ հարցերը որոշի. «Իրավական առումով շատ հստակ է, դուք եք այստեղ կողմնորոշում հանրությանը, պետք է լսենք քաղաքացիների կարծիքները, բայց երեւանցիների ներկայացուցիչները ավագանին է, նրանք պետք է ասեն` կողմ են, թե կողմ չեն, դուք լիազորված եք հասարակության կողմից ձեր դիրքորոշումն արտահայտել»:

Ավագանու մի քանի այլ որոշումներով էլ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին,

Երվանդ Երզնկյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթեւոսյանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031