Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողության համաշխարհային օր. «Աչքի խնամք բոլորի համար»

Հոկտեմբեր 08,2015 16:28

08 հոկտեմբերի, 2015թ. – 2004թ.-ից ի վեր Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) գործընկերների հետ Հայաստանում նշում է Տեսողության համաշխարհային օրը: Այն նշվում է ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրներին: Այս տարի տեսողության համաշխարհային օրվա կարգախոսն է «Աչքի խնամք բոլորի համար»:

Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել բազմաթիվ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, հաշմանդամություն ունեցող երիտասարդների գոլբոլի առաջնություն, ֆլեշ մոբ և այլն:

Այս տարի Տեսողության համաշխարհային օրվա շրջանակներում ՀԱՆ-ը նախաձեռնել է միջոցառումների շաբաթ, որտեղ ընդգրկվել են ձեռքով պատրաստված յուրահատուկ ակնոցների շրջանակների ֆեյսբուքյան մրցույթ, ակնային ստուգումներ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Ն. Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում, ակնոցների գունազարդում և շախմատի մրցույթ Թիվ 14 հատուկ դպրոցի և Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտների մասնակցությամբ «Լոֆթ» կենտրոնում։ Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրվել է լուսանկարվելու համար նախատեսված «ակնոց-շրջանակ», տեսողության խնդիրների մասին տեղեկատվական նյութեր են տարածվել, երեկոյան ժամը 17։00-20։00-ն «Քարֆուր» սուպերմարկետում քաղաքացիների ակնային անվճար ստուգումներ կիրականացվեն, իսկ ժամը 20։00-ին, միանալով մի շարք երկրներում կազմակերպվող նախաձեռնությանը՝ 15 րոպեով կանջատվի Մատենադարանի լուսավորությունը՝ որպես կառույց, որը մարմնավորում է ազգային կարևորագույն մշակութային ժառանգություն, որը տեսողության բացակայության պայմաններում պարզապես չէր ստեղծվի: Միջոցառումների շաբաթը կամփոփվի վաղը՝ երիտասարդական ակումբում կազմակերպվող միջոցառմամբ, որտեղ երիտասարդներին կբաժանվեն երեխաների գունազարդած ակնոցները, իսկ հավաքված գումարի մի մասով Երևանի թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտների համար ակնաբուժական դեղորայք ձեռք կբերվի։

«Հետեւելով այս տարվա կարգախոսին՝ Աչքի խնամք բոլորի համար, փորձել ենք մեր միջոցառումներով մեկ անգամ եւս տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել աչքի խնամքի կարեւորության վրա։ Հորդորը կրկնելու պատճառն այն է, որ տեսողության լուրջ խնդիր ունեցողների շուրջ 50 տոկոսն այդ մասին իմանում է ակնային զննման ժամանակ, ի դեպ՝ խոսքը ոչ թե կարճատեսությանը կամ հեռատեսությանն է վերաբերում, այլ այնպիսի հիվանդությունների, որոնք կարող են ընդհուպ կուրություն առաջացնել», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը։

«Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ է խոսել ակնային խնդիրների մասին։ Ակնային հիվանդություններից գլաուկոման եւ դիաբետիկ ռետինոպաթիան շարունակում են ակնային լուրջ խնդիրներ մնալ, իսկ մարդիկ, ցավոք, երբեմն խուսափում են բժշկի այցելել։ Այնինչ կան դեպքեր, երբ խաթարված տեսողությունը ժամանակին չվերականգնելու դեպքում ակնային խնդիրներն անլուծելի են դառնում։ Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ ուշադրությունը սեւեռել հանրապետության մարզերում տիրող իրավիճակին եւ կարեւորել մասնագետների վերապատրաստումը։ Ուզում եմ մեր բնակչությանը հայտնել, որ ոչ բոլոր դեպքերում է հիվանդության բուժումը նշանակում լիարժեք ապաքինում։ Բուժումը հաճախ ուղղված է լինում եղած վիճակը պահպանելուն եւ պրոգրեսիվ ֆունկցիաների կորուստը կանգնեցնելուն», – ասաց ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։

ՀԱՆ-ի ներկայիս ծրագրերից են ԱՇՀ-ի շրջայցերը, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի հիմնադրումը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ), տարածքային ակնային կենտրոնների ստեղծումը և մարզային ակնաբուժական համակարգի վերականգնումը, առցանց կրթական ծրագրերի ստեղծումը և տարածումը առաջնային օղակի բուժաշխատողների, ակնաբույժների և նեոնատալ ծառայության համար:

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Դրա հետ միասին տարածվում է համաշխարհային մակարդակով ակնային խնդիրների մասին տեղեկատվություն. աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսի՝ 285 մլն մարդու տեսողությունը խաթարված է: Դրա հիմնական պատճառներն են տեսողության ճշգրտման բացակայությունը (ակնոցներ), կատարակտը և գլաուկոման: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է «2014-2019թթ. տեսողության հաղթահարելի խաթարման և կուրության կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագիրը», որը 2013թ-ի առողջապահության համաշխարհային 66-րդ ասամբլեայում ընդունվել է անդամ բոլոր երկրների կողմից: Ծրագրի նպատակն է կրճատել տեսողության հաղթահարելի խաթարման և կուրության տարածվածությունը՝ ժամանակակից և լիարժեք ակնաբուժական ծառայությունները բոլորի համար մատչելի և հասանելի դարձնելու միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031