Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանն էլ է ուզում իր մաշկի վրա զգալ տնտեսական աճը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 16:16

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության մեջ կան բազմաթիվ ճյուղեր, ենթաճյուղեր, որոնք տնտեսական աճ են արձանագրել. Օրինակ՝ էներգետիկայի, թեթեւ արդյունաբերության ոլորտները:

Aravot.am-ը պարոն նախարարից հետաքրքրվեց՝ եթե տնտեսական այդպիսի լուրջ աճ կա, ինչո՞ւ դա շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում, Ճշմարիտյանը մատնանշեց ինչ-որ տնտեսագիտական վերլուծություններ:

Մենք հստակեցրեցինք հարցը՝ շարքային քաղաքացիներին, գյուղացիներին վերլուծությունները քիչ են հետաքրքրում, երբ նրանք լսում են պաշտոնյաների՝ տնտեսական աճի մասին հայտարարությունները, նրանք ցանկանում են իրենց մաշկի վրա զգալ այդ աճը, Ճշմարիտյանն այս առնչությամբ ասաց. «Ես էլ համաձայն եմ, բոլորս ենք ուզում մեր մաշկի վրա զգանք տնտեսական աճը: Մեր աշխատավարձն էլ հուլիսի 1-ից ձերի պես բարձրացել է: Եթե աշխատավարձ բարձրանալիս, եկամուտներն ավելանալիս մաշկի վրա չեն զգում, դա ակնհայտ ճիշտ չէի համարի»:

Ճշմարիտյանի խոսքերով՝ 4% աճն այն աճը չէ, որ միանգամից ժողովուրդը մաշկի վրա զգա, դա պիտի հետագայում ավելանա, ավելի մեծ արդյունք ստեղծի, որ այն լինի զգալի. «Եթե խոսում եք ժողովրդի անունից, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որտեղ եւ եկամուտները, եւ աշխատատեղերն են ավելացել: Եթե եկամուտներ ստանալիս մաշկի վրա չեն զգում, եթե գյուղացին գյուղմթերքը մթերելիս եկամուտ է ստանում, ապա կներեք, թույլ տվեք ես ձեզ հետ չհամաձայնվեմ»:

Ճշմարիտյանի կարծիքով՝ եթե մարդկանց եկամուտներն ավելանում են ու իրենց մաշկի վրա աճ չեն զգում, ապա, ինչպես Ճշմարիտյանն ասաց՝ ուրեմն այդտեղ մենք մաշկի հետ խնդիր ունենք:

Ճշմարիտյանը, որպես տնտեսության աճն իրենց մաշկի վրա զգացող խավ, նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների տրանսֆորմատորների արտադրության, ոսկու արդյունաբերության, պղնձի արդյունաբերության ոլորտները:

Մանրամասն՝ տեսանյութում

Եկող տարվա բյուջեն նախարարը բնութագրեց որպես բարձր ռիսկայնության վրա հաշվարկած բյուջե: Հիշեցնենք, ըստ 2016 թվականի բյուջեի նախագծի, բյուջեի եկամուտները կազմում են 1,2 տրիլիոն դրամ, ծախսերը՝ 1,4 տրիլիոն դրամ, իսկ 192,4 միլիարդ դրամ էլ կլինի դեֆիցիտը, որի ֆինանսավորմանը կուղղվի 190 միլիարդ դրամ: Այս 190 միլիարդ դրամ պակասուրդը ֆինանսավորելու համար կառավարությունը նախատեսում է 70 միլիարդ դրամը ներքին աղբյուրների հաշվին անել, իսկ 120 միլիարդը՝ արտաքին աղբյուրների:

Ընդ որում, 443 միլիոն դոլարով պետական պարտքի բեռն ավելանալու է, եւ գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես պետական ապարատի՝ ծախսերի ավելացում է նախատեսված: Օրինակ՝ ավտոմոբիլային պարկը թարմացնելու ու այդ մեքենաները սպասարկելու համար ծախսերը ոչ թե կրճատելու են, այլ ավելացնելու. տրանսպորտային միջոցների, մեքենաների, սարքավորումների ձեռք բերում, պահպանում եւ հիմնանորոգում գծով ծախսերը 12 միլիարդ դրամից հասցրել են 26 միլիարդ դրամի:

Aravot.am-ը պարոն Ճշմարիտյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը չպիտի ավելի համեստ լիներ ծախսերի ուղղությամբ, եթե դրանց պակասորդի մեծ մասը դրսից ակնկալվող ֆինանսական միջոցների հույսին պիտի անեն: Այս առնչությամբ էլ Ճշմարիտյանն ասաց, որ հաջորդ տարվա բյուջեում նախատեսված ծախսերը չարժե կրճատել, բոլոր ծախսերը մանրակրկիտ հաշվարկված են, եւ այդ ծախսերն էլ ազդելու են տնտեսական աճի վրա. «Ցանկացած փող, որ ծախսվում է, նպաստում է աճին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031